ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Սալվադորի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը, որի մեջ է եղել երկրի ոստիկանության տնօրեն Մաուրիսիո Արիասա Չիկասը, սեպտեմբերի 8–ի երեկոյան վթարի է ենթարկվել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սալվադորի զինված ուժերի հայտարարությունը։
X սոցցանցում այսօր հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ ուղղաթիռն ընկել է երկրի Լա Ունյոն դեպարտամենտի Պասակինա մունիցիպալիտետում: Ուղղաթիռի ուղևորների ստույգ թիվը չի նշվում։
«Ցավով հաստատում ենք բոլոր ուղևորների մահը, որոնք գտնվել են Սալվադորի ռազմաօդային ուժերի UH-1H ուղղաթիռում, որն ընկել է Պասակինա Լա Ունյոնում։ Ուղղաթիռում են եղել Cosavi ասոցիացիայի նախկին ղեկավար Մանուել Կոտոն, որը գտնվում էր կալանքի տակ, և ոստիկանության տնօրեն, գեներալ Մաուրիսիո Արիասա Չիկասը», - ասված է հաղորդագրության մեջ:
Tiempo լրատվամիջոցը նշում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 8–ի երեկոյան՝ «անհայտ պատճառներով»: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ուղղաթիռում գտնված Մանուել Կոտոն, որը Սանտա Վիկտորիայի խնայողական-վարկային կոոպերատիվների ասոցիացիայի (Cosavi) նախկին նախագահն է, անցնում է 35 մլն դոլարի յուրացման գործով:
Սալվադորի նախագահ Նայիբ Բուկլեն X սոցկայքում հայտնել է, որ կատարվում է միջադեպի հետաքննություն: