ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը» պետք է լուծարել։ Այս մասին Սիմոնյանն ասաց ԱԺ նիստի ժամանակ` անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի` հանձնաժողովի աշխատանքներն առաջիկայում վերսկսելու վերաբերյալ հարցին։
«Ես անձամբ կարծում եմ, որ այդ ֆորմատը պետք է լուծարել, քանի որ Լեռնային Ղարաբաղի` Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի։ Նման կարգավիճակ ՀՀ–ում այլևս որևէ մեկը չունի ու չգիտեմ, թե ում հետ պետք է դա քննարկեմ հավանական նիստի պարագայում»,– նշեց Սիմոնյանը։
Արծվիկ Մինասյանն արձագանքեց` ընդգծելով, որ Արցախի Հանրապետությունը` որպես իրավական արտահայտություն, այսօր առկա է ոչ միայն բազմաթիվ օրենքներում, նաև միջազգային պայմանագրերում։ Վստահեցրեց` ՀՀ ԱԺ նախագահն իրավական նորմերով իրավասու չէ համարել չեղյալ այն խորհրդարանը, որն ընտրել է Արցախի ժողովուրդը։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Սիմոնյանը պարտավոր է առաջնորդվել օրենքով ու շարժվել իրավական ակտերով, մինչդեռ ՀՀ ԱԺ նախագահն առարկեց` Արցախի Հանրապետությունն ինքն է իրեն լուծարել` իրենց պաշտոնյաների որոշմամբ, իսկ իրավահարաբերությունները հնարավոր են, երբ 2 կողմ կա։
«Ես չեմ կարող ինչ–որ մարդկանց հետ նիստ հրավիրել, ես կարող եմ ՀՀ քաղաքացիների և ոչ ՀՀ քաղաքացիների համար ընդունելության օր կազմակերպել ու հարմար պահի հանդիպել»,– ասաց Սիմոնյանը։
ՀՀ ԱԺ նախագահ ննշեց, որ իր համար այլևս գոյություն չունի նաև «Արցախի նախագահ» տերմինը։
Հիշեցնենք, որ «Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը» ստեղծվել է 3 տարի առաջ, սակայն որևէ նիստ տեղի չի ունեցել։ ՀՀ խորհրդարանականանները պատճառաբանում էին, թե բլոկադա է ու չեն կարող նիստեր անցկացնել։
Հավելենք, որ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։