2023–ին պետությունը 2 ընկերության բաժնետոմսեր է օտարել. պետբյուջե է մտել 2.6 մլրդ դրամ

Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 37 մլդր դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը 2023 թվականին 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր է օտարել։ Այս մասին ԱԺ նիստում ասաց ՀՀ ՏԿԵ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը` ներկայացնելով պետական գույքի մասնավորեցման ծրագրի 2023 թվականի կատարման հաշվետվությունը։
«Ծրագրից էլ հանվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ–ն, դրա կառավարումը վերապահվել է ՀՀ առողջապահության նախարարությանը։ Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 3.7 մլրդ դրամ, որից 2.6 մլրդ դրամը փոխանցվել է պետբյուջեի, իսկ 1.1 մլրդ դրամը` համայնքային բյուջե»,– նշեց Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականին 3 առևտրային կազմակերպության պետական բաժնեմասի մասնավորեցման արդյունքում օտարվել է 12 անշարժ գույք, 102 ավտոմեքենա։ Արդյունքում պետբյուջեի է մուտքագրվել 7.9 մլրդ դրամ։