ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ոստիկանի սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Նա ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտե։Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է»,– նշել է Սարգսյանը:
Հիշեցնենք` իրավապահները տեղեկություն են ստացել, որ Նալբանդյան համայնքի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանն իր մոտ հրազեն է պահում։ Սեպտեմբերի 7-ին ոստիկանները Մարգարյանին հայտնաբերել են «Վազ 2107» մեքենայի մեջ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նկատելով իրավապահներին՝ 41-ամյա տղամարդը մեքենայի միջից կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, այնուհետև իջել և շարունակել է կրակել, հետո դիմել է փախուստի։
Կրակոցների հետևանքով մահացել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը, իսկ նույն բաժնի համայնքային ոստիկան, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն։