«Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է. Էբրահիմ Ազիզի

Իրանցի պաշտոնյայի կարծիքով՝ կան երկրներ, որ փորձում են միջանցքի պատրվակով նվազեցնել տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Զանգեզուրի միջանցքը կեղծ միջանցք է ու այն չի բխում տարածաշրջանի երկրների շահերից, ուստի Իրանը վճռականորեն դեմ է դրան: Այս մասին Mehr գործակալության հետ զրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։
«Կան ձեռքեր, որոնք աշխատում են այդ միջանցքի պատրվակով տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը նվազեցնելու ուղղությամբ։ Մենք զգուշացնում ենք նման պատրանքներ ունեցողներին, որ նման որոշումների հետևանքները ծանր և թանկ կլինեն իրենց համար»,– ասել է նա։
Ազիզին հայտարարել է, որ Իրանը ղեկավարվելով առողջ բանականությամբ՝ չի ձգտում ստեղծել լարվածություն տարածաշրջանում, բայց նաև հավելել է, որ երկիրը կպաշտպանի իրեն, եթե տարածքային ամբողջականության սպառնալիք լինի։
Ասելով, որ Իրանը ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրադարձությունների զարգացմանը, նա հայտնել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է Իրանի համար և այդ առումով ցանկացած փոփոխություն վճռական պատասխան կստանա Իրանի կողմից։
Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի բացմանը։ Ինչպես հուլիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, Թեհրանը նախկինի պես կարծում է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չի բխում Հայաստանի շահերից: Խամենեին ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության կարևորությունը և նշել, որ հայ-իրանական հարաբերությունները կզարգանան փոխադարձ շահերի հիման վրա՝ անկախ այլ երկրների քաղաքականությունից:
Մոսկվային հայտնի Է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգությունը․ ՌԴ ԱԳՆ
Հավելենք, որ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խոսում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը, նրանց կարծիքով, պետք է Ադրբեջանի հիմնական մասը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և արտատարածքային երթուղի դառնա։ Պաշտոնական Երևանն էլ հայտարարում է, որ ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են։