Ի՞նչ է կարդում քաղաքապետը. Երևանի գրքի փառատոնն այս տարի գրեթե 50 մասնակից ունի

Երևանի գրքի փառատոնում
Բացման արարողությանը ներկա էր Երևանի քաղաքապետը։ Նա պատմեց, թե որ գրքերն են ազդել իր վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Երևանում այսօր մեկնարկած Գրքի փառատոնին մասնակցում են շուրջ 50 տպարաններ, գրախանութներ և մշակութային հաստատություններ։
Երևանի գրքի փառատոնում
Փառատոնի կազմակերպիչ Անի Ղազարյանի խոսքով` եռօրյա միջոցառումներին մասնակցում է մոտ հարյուր գրող և գրաքննադատ, ընդ որում ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Սլովենիայից, Վրաստանից և այլ երկրներից։ Փառատոնի շրջանակում նախատեսվում է անցկացնել գրական բանավեճեր, վարպետության դասեր, բացառիկ հանդիպումներ արտասահմանյան գրողների հետ և նույնիսկ սթենդափ։
«Համոզված եմ, որ ճիշտ գիրքը մենք հանդիպում ենք մեր կյանքի այն պահին, երբ այն հատկապես շատ է մեզ անհրաժեշտ։ Հույս ունեմ, որ փառատոնի բոլոր այցելուները կգտնեն իրենց գիրքը», – նշեց Ղազարյանը։
Երևանի գրքի փառատոնի կազմակերպիչ Անի Ղազարյանը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ քաղաքային իշխանություններն արդեն երկրորդ տարին է՝ ֆինանսավորում են փառատոնը, քանի որ համոզված են, որ ընթերցող մարդը տարբերվում է իր որակներով։ Նրա խոսքով` այդ մարդիկ հանրային շահերը սեփական շահերից վեր են դասում և կարող են զոհաբերել անձնական շահը հանուն ընդհանուր նպատակների:
«Համոզված ենք, որ ընթերցանությունը փոխում է մարդուն, նրա մտածելակերպը, նրան դարձնում է ավելի հոգատար և հասկացող», – ասաց քաղաքապետը։
Sputnik Արմենիայի թղթակցին այն հարցին, թե որ գրքերն են փոխել իրեն, Ավինյանն ասաց, որ այդպիսի գրքերը շատ են, հիմնականում դրանք փիլիսոփայական ստեղծագործություններ են։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը
«Կյանքի շատ հետաքրքիր ժամանակահատվածում կարդացի Ջեկ Լոնդոնի«Մարտին Իդենը» և Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը»։ Գրքերից շատերը տարբեր շրջաններում թողնում են իրենց հետքը, և մենք շատ ենք փոխվում ընթերցանության ընթացքում», – ասաց Ավինյանը։
Sputnik Արմենիան ոչ մեծ հարցում է անցկացրել փառատոնի մասնակիցների շրջանում։ Այցելուների մեծ մասը կանայք են։ Նրանք հիմնականում հետաքրքրվում են փիլիսոփայական ժանրի կամ մոտիվացնող արտասահմանյան գրականությամբ, բայց բեսթսելլերը դեռ դժվար է որոշել, քանի որ ցուցահանդեսը ընդամենը մի քանի ժամ առաջ է բացվել։ Միայն տպարաններից մեկն ակնհայտ առաջատար ուներ վաճառքների թվով` դա Ռոբերտ Շարմի «Վանականը, որը վաճառեց իր Ferrari»–ին գիրքն է։
Երևանի գրքի փառատոնում
Երևանի գրքի փառատոնն անցկացվում է 2017 թվականից։ Դրա պարտադիր մաս է կազմում գրքի տոնավաճառը, ինչպես նաև գրական մրցույթն ու մրցանակների շնորհումը «Արձակ», «Պոեզիա», «Դրամատուրգիա», «Մանկական գրականություն» անվանակարգերում։