Ինստիտուտը լուծարելով`կառավարությունը գնում է հուսահատ քայլի. Ավետիք Քերոբյան

Sputnik
Կառավարության երեկվա նիստում ի թիվս այլ չզեկուցվող նախագծերի ընդունվել է նաև Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտը լուծարելու մասին որոշումը։
Որոշումն ուշագրավ է նրանով, որ այս ինստիտուտը ստեղծվել էր 2018թ–ի մայիսի 11-ին ընդունված որոշմամբ։ Այսինքն` Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ձևավորված առաջին կառավարության առաջին որոշումներից մեկն է։
6 տարի առաջ ստեղծված պետական այդ կազմակերպության հիմնական նպատակը ռազմական արդյունաբերության զարգացումն էր, և դրա համար գիտական հիմքերի ստեղծումը:
Մինչդեռ, այն լուծարելու որոշումը հիմնավորվում է Պաշտպանության ոլորտում կատարված կառուցվածքային փոփոխություններով։ Մասնավորապես` նշվում է, որ Գլխավոր շտաբի կազմում արդեն գործում է ռազմատնտեսական վարչություն, որի գործառույթներում ներառվել են ինստիտուտի գործառույթները, և քանի որ դրնք կրկնվում են, միջոցների օպտիմալացման տեսանկյունից կառավարությունը նպատակահարմար է գտնում լուծարել 6 տարի առաջ իրենց իսկ հիմնած Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտը։
Տեխնոլոգիական ոլորտի փորձագետ, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը այս հիմնավորումը սուտ է համարում։
«Ինստիտուտը լուծարելով, կառավարությունը գնում է հուսահատ քայլի, այն իմաստով, որ ՊՆ–ում չկա ո՛չ նպատակադրում, ո՛չ մասնագիտական կարողություն, ո՛չ էլ մանավանդ ցանկություն` ճիշտ ձևով օգտագործելու այն մասնագիտական ներուժը, որը հավաքվել էր ինստիտուտում այս տարիների ընթացքում»,– Sputnik Արմենիայի եթերում ասել է Քերոբյանը` ինստիտուտի լուծարումը համարելով ռազմական արդյունաբերության համար շոշափելի հետքայլ։