Ուղևորափոխադրող ընկերությունները կազատվեն միկրոավտոբուսների ներմուծման մաքսատուրքից

Միկրոավտոբուս
Առաջարկվում է նման փոփոխություն իրականացնել 3-րդ երկրներից միկրոավտոբուսների ներկրման դեպքում, քանի որ տրանսպորտի ոլորտը գերակա ճյուղ է համարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ուղևորափոխադրումներ իրականացնող ոլորտի ընկերությունները կազատվեն միկրոավտոբուսների ներմուծման մաքսատուրքից: Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց որոշման նախագծին։
«Առաջարկում ենք ուղևորափոխադրումների ոլորտում սպասարկող ընկերություններին մաքսատուրքից ազատել 3–րդ երկրներից միկրոավտոբուսների ներկրման դեպքում՝ հաշվի առնելով, որ տրանսպորտի ոլորտը համարվում է գերակա ճյուղ: Մի շարք արտոնություններ են սահմանված, բայց միկրոավտոբուսների դեպքում բացառություն կա, դրանք ներմուծման մաքսատուրքից ազատված չեն»,-ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով` դեպքեր են լինում, երբ ներդրողները հետաքրքրություն չեն տեսնում, և կարծում են, որ առաջարկվող արտոնությունը կարող է խթանող ազդեցություն ունենալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ շատ վաղուց կա մեխանիզմ, երբ կառավարության սահմանած գերակա ուղղություններով ներդրումային ծրագիր է ներկայացվում կառավարությանը, դրա շրջանակում որոշ սարքերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծումն ազատվում է մաքսատուրքից:
«Մենք մարզային և միջմարզային ուղևորափոխադրումներ իրականացնելու համար մրցույթներ ենք իրականացնում, բայց դրանք կա՛մ չեն կայանում, կա՛մ խնդիրներ են առաջանում։ Ըստ էության, այս պահին մենք մեկ մարզում ամբողջական գործող ուղևորափոխադրում ունենք։ Մեր խնդիրն է, որ մարզի ներսում համայնքների միջև և մարզերի ու մայրաքաղաքի միջև լինի նորմալ տրանսպորտային հաղորդակցություն: Մենք տեսնում ենք, որ մարդիկ մրցույթներին կա՛մ չեն մասնակցում, կա՛մ մենաշնորհացման որոշակի վտանգներ են տեսնում»,– նշեց Փաշինյանը:
Նա շեշտեց` ցանկանում են այս գործիքով ավելի գրավիչ դարձնել այդ ներդրումները, միայն թե տվյալ ոլորտում զարգացումներ տեղի ունենան։
Վարչապետի խոսքով` շատ համայնքներում են բարձրացնում տրանսպորտի խնդիրը:
Գնել Սանոսյանն էլ ընդգծեց` այս որոշմամբ պարկի թարմացում կլինի։ Պահանջ կա, որ միկրոավտոբուսները մինչև 1 տարեկան լինեն։ Ըստ նրա` միայն Կոտայքի մարզն է, որտեղ մեթոդն արդեն ներդրված է ու ամբողջական փաթեթով աշխատում է։ ՏԿԵ նախարարը շեշտեց` ներդրողը պայմանագրով պարտավորվել էր 150 միկրոավտոբուս ներմուծել, հիմա 222–ն արդեն աշխատում են, ևս 32-ը ներմուծվում են դեռ։ Արմավիրի մարզն էլ երկու մասի է բաժանվել, Վաղարշապատի հատվածը հաջողությամբ ընթացքի մեջ է` պարտավորվել էին 56-ը ներմուծել, դրանք արդեն տեղում են, ևս 22-ն էլ ներմուծում են։
Արարատի մարզում և Արմավիրի մարզի մյուս մասում դատական պրոցեսներ են ընթանում։ Գեղարքունիքի մարզում էլ մրցույթը 2 մասի են բաժանել, այժմ այնտեղ հաղթող կա, հիմա գործընթացի մեջ են։
Հավանաբար Շիրակի մարզում էլ 2 մասով մրցույթ կանցկացնեն. փորձը ցույց է տալիս, որ այդ տարբերակն օգնում է։ Արագածոտնի մարզում էլ է մրցույթ հայտարարված։
ԱՄՆ–ն Հայաստանին 130 մլն դոլարի կտա ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու համար