ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ հոգ կտանի Դոնեցկի «Սոկոլ» շուկայի հրետակոծության ժամանակ վիրավորված և ծնողներին ու քրոջը կորցրած 11-ամյա տղայի հետագա ճակատագրի համար։
«Ցավոք, կինը մահացել է, նա հիվանդանոց էր ընդունվել ծանր վիճակում։ Դա երեկ զոհված աղջկա մայրն էր, նրանք միասին մեքենայում էին եղել, հայրը զոհվել է մեքենայի մոտ, իսկ որդին վիրավորվել է, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրա համար կհոգանք, նրա հետագա ճակատագրին կհետևենք»,- գրել է Պուշիլինը Telegram-ում՝ Դոնեցկի շուկային հասցված հարվածից տուժած խաղաղ քաղաքացիներին այցելելուց հետո։
Ավելի վաղ քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը հայտնել էր, որ հիվանդանոցում մահացել է գնդակոծության հետևանքով զոհված աղջկա մայրը, և զոհերի թիվը հասել է չորսի:
ՌԴ ԱԳՆ-ն, հղում անելով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկին, երեկ հայտնել էր, որ Դոնեցկի «Սոկոլ» շուկայի ուղղությամբ գնդակոծությունից տուժածների թիվը հասել է 13-ի, երեք զոհ կա` 2011 թվականին ծնված աղջիկ, 2009 թվականին ծնված տղա և 1989 թվականին ծնված տղամարդ, ևս մեկ երեխա՝ 2013 թվականին ծնված տղա, միջին ծանրության վնասվածքներ է ստացել: