Մահացել է օլիմպիական խաղերի ուգանդացի մասնակից Ռեբեկա Չեպտեգեյը. զուգընկերն այրել է նրան

Ռեբեկա Չեպտեգեյ
Ռեբեկա Չեպտեգեյը մահացել է զուգընկերոջ հարձակումից 4 օր անց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Մահացել է վազորդ Ռեբեկա Չեպտեգեյը, որը Փարիզի օլիմպիական խաղերում ներկայացնում էր Ուգանդան։ Զուգընկերը վիճաբանության ժամանակ կնոջ վրա բենզին է լցրել ու այրել նրան։ Տեղեկությունը հայտնում է RT-ն։
«Մեծ ցավով հայտնում ենք, որ Ռեբեկա Չեպտեգեյը մահացել է զուգընկերոջ դաժան հարձակման հետևանքով: Թող նրա հոգին հանգչի խաղաղությամբ։ Մենք խստորեն դատապարտում ենք կանանց նկատմամբ բռնությունը», - գրել է Ուգանդայի օլիմպիական կոմիտեի նախագահ Դոնալդ Ռուկարեն X-ում:
Սեպտեմբերի 1–ին 33-ամյա Չեպտեգեյը վիճաբանել է զուգընկերոջ հետ։ Տղամարդը նրա վրա բենզին է լցրել ու այրել։ Նրան տեղափոխել են արևմտյան Քենիայի Էլդորեթ քաղաքի վերակենդանացման բաժանմունք, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
2024 թվականին Փարիզում կայացած օլիմպիական խաղերում Չեպտեգեյը մարաթոնում զբաղեցրել էր 44-րդ տեղը։