Կհետևենք Բայդենի խորհրդին և կաջակցենք Հարիսին. Պուտինը` ԱՄՆ ընտրությունների մասին

Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահը հեգնանքով է մեկնաբանել ԱՄՆ–ում կայանալիք առաջիկա ընտրությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը կհետևի ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի խորհրդին և կսատարի Քամալա Հարիսին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` հեգնելով ԱՄՆ–ում անցկացվող նախագահական ընտրապայքարը։
Նրա խոսքով` ԱՄՆ ընտրություններում Մոսկվայի ֆավորիտը Բայդենն էր, սակայն նա հանեց իր թեկնածությունը` խորհուրդ տալով սատարել Քամալա Հարիսին, Ռուսաստանը կհետևի նրա խորհրդին։ Միևնույն ժամանակ ՌԴ նախագահը հիշատակել է դեմոկրատական կուսակցության թեկնածուի «վարակիչ ծիծաղը»։

«Հարիսն այնքան վարակիչ է ծիծաղում։ Դա խոսում է այն մասին, որ նրա մոտ ամեն ինչ լավ է։ Այ Թրամփը Ռուսաստանի նկատմամբ այնքան տարատեսակ սահմանափակումներ և պատժամիջոցներ է կիրառել, որքան նրանից առաջ ոչ մի նախագահ չի կիրառել։ Իսկ եթե տիկին Հարիսի մոտ ամեն բան լավ է, գուցե նա նմանատիպ գործողություններից զերծ կմնա»,– ենթադրել է ՌԴ նախագահը` ելույթ ունենալով Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական համաժողովում։

Պուտինն ընդգծել է` բնականաբար, ի վերջո ընտրությունը պետք է կատարի ԱՄՆ ժողովուրդը, և Ռուսաստանը հարգանքով կվերաբերվի այդ ընտրությանը։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: Հանրապետական կուսակցության պաշտոնական թեկնածուն Դոնալդ Թրամփն է։ Դեմոկրատական կուսակցությունից մրցապայքարին կմասնակցի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը։
Մասկը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ԱՄՆ կառավարությունում