Սա կարևոր հարթակ է. հայ ուսանողները մասնակցել են «Եվրասիայի առաջնորդները» համաժողովին

«Եվրասիայի առաջնորդները» ֆորումի պատկերանշանը փուչիկների վրա
Համաժողովն անցկացվում է Մոսկվայի մարզում սեպտեմբերի 1-5-ը, այն ավելի քան 450 մասնակից ունի մի քանի երկրներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հայկական բուհերի ուսանողները մասնակցում են «Եվրասիայի առաջնորդները» միջազգային կրթական համաժողովին։ Համաժողովի կազմակերպիչը «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունն է։
Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի մշակութային դեպարտամենտի ղեկավար Գայանե Պողոսյանը Sputnik–ի հետ զրույցում խոստովանել է, որ տպավորված է համաժողովից։ Նրա խոսքով` ինքը հզոր էներգիա է ստացել համաժողովի մասնակիցներից` շփվելով նրանցից շատերի հետ։
«Նման միջոցառումները շատ կարևոր են, քանի որ էական դեր են խաղում մասնակիցների կյանքում։ Դրանք կարևոր տեղեկություններ են տալիս, որոնք հետագայում կօգնեն նպատակներին հասնելու հարցում», – ասել է Պողոսյանը` հավելելով, որ համաժողովի հարթակում նա ծանոթացել է հետաքրքիր մարդկանց հետ, այդ թվում` հայտնիների։
Հայկական բուհերից մեկի ուսանողուհի Մարիան, որն ընտրել է տնտեսագիտություն և հաշվապահական գործ մասնագիտությունը, պատմել է, որ համաժողովը թույլ է տալիս բացահայտել առաջնորդի որակներ, որոնք հետագայում կօգնեն իրեն ոչ միայն հաշվապահական գործում, այլև կամավորական գործունեության մեջ։
«Բացի այդ, մեզ սովորեցնում են` ինչպես նախագծերի համար ճիշտ պլան կազմել, կենսունակ ինչ գաղափարներ է հնարավոր առաջ քաշել և առաջ մղել», – ասել է նա։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ զրույցում նշել էր, որ համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել և իրեն տպավորել են մասնակիցների հարցերը։
«Մեր երկիր ժամանած, ինչպես իրենք իրենց անվանում են «երիտասարդ առաջնորդները» հարցեր են բարձրացնում, պատասխաններ պահանջում։ Ամենակարևորը, որ անկեղծություն կա, սա պարզապես մասնակցություն չէ, կա ըմբռնում, որ դա անհրաժեշտ է։ Ամբողջ աշխարհի երիտասարդությունն ուզում է հասկանալ` որտեղ է ճշմարտությունը, իսկ որտեղ` սուտը, ֆեյքերը», – ասել է Զախարովան։
Ըստ նրա` ճշմարտության փնտրտուքներում երիտասարդները պատրաստ են գալ, խոսել, իրենց հարցերին պատասխաններ պահանջել, քանի որ հասկանում են, որ հաճախ իրենց թմբիր են առաջարկում, որն Արևմուտքը հրամցնում է ամբողջ աշխարհին սոցցանցերի, ԶԼՄ–ների միջոցով։
«Այդ իսկ պատճառով նրանք ուզում են օգտագործել ցանկացած հնարավորություն հասկանալու համար` ինչ է կատարվում, պատասխաններ գտնել, գուցե նաև համախոհներ։ Դա ամենակարևորն է», – ասել է նա։
Հիշեցնենք, որ համաժողովն անցկացվում է Մոսկվայի մարզում սեպտեմբերի 1-5-ը, այն ավելի քան 450 մասնակից ունի մի քանի երկրներից` Հայաստան, Մոլդովա, Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան և Ուզբեկստան։
Նախագիծը ստեղծվել է ի աջակցություն երիտասարդ առաջնորդների, որոնք պատրաստ են ներդրում ունենալ իրենց երկրների զարգացման հարցում։ Նրանք կարող են կրթական դրամաշնորհներ ստանալ, կգնահատվի նրանց անձնական և կառավարչական հմտությունները, խորհուրդներ կստանան բիզնեսի կամ պետական կառավարման ոլորտի ղեկավարներից։
Համաժողովի մասնակիցները հանդիպում են ունեցել ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Բորիս Չերնիշովի, «Սկոլկովո» հիմնադրամի տարածաշրջանային և միջազգային զարգացման գծով փոխնախագահ, վարչության անդամ Յուրի Սպրիկինի հետ։
Բացի այդ, մասնակիցների համար ելույթ է ունեցել Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան, Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը, «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար և Մոլդովայի «Հաղթանակ» ընդդիմադիր քաղաքական դաշինքի առաջնորդ Իլան Շորը։