Միջատների դեմ պայքար է տարվելու. ի՞նչ են անում Արարատում «Արևմտյան Նեղոսի տենդի» դեմ

Հայաստանում օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ապահովվի միջատասպան և միջատապաշտպանիչ միջոցառումների կազմակերպումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Արարատի մարզեպտի աշխատակազմում խորհրդակցություն է անցկացվել «Արևմտյան Նեղոսի տենդ» հիվանդության տարածման կանխարգելման վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է Արարատի մարզպետարանի մամուլի ծառայությունը։
«Խորհրդակցությանը ներկայացվել են ՀՀ–ում հիվանդության վիճակագրությունը, դրանց կանխարգելմանն ուղղված աշխատանքները։ Հաշվի առնելով փաստը, որ վարակը փոխանցվում է մոծակների միջոցով՝ համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է իրականացնել առկա տնտեսական նշանակություն չունեցող ջրականգերի չորացման, ինչպես նաև՝ միջատների բազմացման վայրերում հիդրոտեխնիկական աշխատանքներ, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի ու աղբահավաք խցերի դեզինսեկցիա (պայքար միջատների դեմ), բնակելի և հասարակական շինություններում, դրանց հարակից տարածքներում հոդվածոտանիների բազմացման և տարածման կանխարգելման նպատակով ապահովել դրանց ներքնահարկերում, հարակից տարածքներում աղբի կանոնավոր հավաքումը և հեռացումը»,– ասված է հաղորդագրությունում:
Հանձնարավել է նաև օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել միջատասպան և միջատապաշտպանիչ միջոցառումների կազմակերպումը:
Նշենք, որ լուրեր էին տարածվել, թե Արմավիրի մարզում տենդից 3 մարդ է մահացել, բայց ՀՀ առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ։
Օգոստոսի 30-ի դրությամբ՝ Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 92 է։ Պաշտոնական տվյալներով՝ մինչ օրս մեր երկրում 1 մարդ է մահացել այս հիվանդությունից։