ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հաստատված չէ, որ Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը՝ պատասխանելով լրատվամիջոցներում տարածված լուրերին։
Նախարարությունից նշում են, որ դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ։
«ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ամեն շաբաթ թարմացնում է Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվությունը»,- տեղեկացնում են նախարարությունից։
Նշենք, որ օգոստոսի 30-ի դրությամբ՝ Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 92 է։ Պաշտոնական տվյալներով՝ մինչ օրս մեր երկրում 1 մարդ է մահացել այս հիվանդությունից։
Արևմտյան Նեղոսի տենդը մեծամասամբ ընթանում է ասիմպտոմ։ 85% դեպքերում մարդիկ չգիտեն, որ վարակված են այդ հարուցիչով։ Մնացած դեպքերում մարդկանց մոտ կարող են ախտանշաններ լինել ջերմության, գլխացավի, ցանավորման տեսքով։ Հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տևել 2-3 շաբաթ, բայց ավելի հաճախ տևում է 3-6 օր։ Վարակված մարդու ջերմությունը կարող է բարձրանալ 38-40 աստիճան, դողէրոցք սկսվել։ Հիվանդությանը բնորոշ են ուժեղ գլխացավը, փսխումները։ Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ մենինգոէնցեֆալիտ, որը միաժամանակ ուղեղի թաղանթի և ուղեղի բորբոքումն է։