Ղազախստանում պարգևատրել են ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանին

Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի և Ղազախստանի փոխվարչապետ – արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հանդիպումը
Արմեն Ղևոնդյանին պարգևը հանձնել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ – արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը պարգևատրվել է 2-րդ աստիճանի «Достык/Բարեկամություն» շքանշանով։ Տեղեկությունը հայտնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը։
Արմեն Ղևոնդյանին պարգևը հանձնել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ – արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն։ «Հայաստանի դեսպանը պարգևատրվել է Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ փոխգործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Իր շնորհակալական խոսքում Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ պետական պարգևի շնորհումը դիտարկում է որպես հայաստանյան և ղազախստանյան դիվանագետների՝ հայ-ղազախստանյան փոխգործակցության ներուժի բացմանն ու Հայաստանի և Ղազախստանի միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի հագեցմանը միտված գործընկերության բարձր գնահատական։
Նշվում է, որ դեսպանի և փոխվարչապետի հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում Երևանի և Աստանայի միջև համագործակցության ընթացիկ վիճակն ու զարգացման հեռանկարները, դիտարկվել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ 2024թ․ ապրիլի 14-15-ը Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքներով ձեռք բերված ռազմավարական պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։