Տղամարդու օրը բանակի տոնն է. ընդդիմադիր պատգամավորը դեմ է Հայրերի տոնին

Գեղամ Նազարյանն ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Նախագծի հեղինակ ՔՊ–ական Զարուհի Բաթոյանը նշեց, որ խորհրդակցել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ` հասկանալու` կա՞ առանձնահատուկ մի օր, որ հնարավոր է ընտրել որպես հայրերի օր, նա ասել է` ոչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հունիսի 17–ին ոչ թե կընտրենք լավագույն հորը, այլ այդ օրը ևս մեկ առիթ կլինի շնորհակալություն հայտնելու հայրերին։ ՀՀ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ այսպես հիմնավորեց օրենսդրական իր նախաձեռնությունը` հունիսի 17–ը ՀՀ–ում նշել որպես Հայրերի օր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել պատգամավորի նախաձեռնությունը` փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում։ Բաթոյանն իր հիմնավորման մեջ նշել էր, որ աշխարհում տարբեր օրերի նշվում է Հայրերի օրը, օրինակ` ԱՄՆ–ում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Ճապոնիայում այն նշվում է հունիսի 3–րդ կիրակի օրը:
«Սա նաև շնորհակալական ժեստ է ոչ միայն այն հայրերին, որոնք իրենց կենսաբանական երեխաների նկատմամբ են սեր ու հոգատարություն տածում, այլև նաև նրանց, ովքեր հայրություն են արել բազմաթիվ երեխաների, որոնք դրա կարիքը ունեցել են»,– ընդգծեց Բաթոյանը։
Հայրերի օրվա ընտրության հարցը բուռն քննարկման արժանացավ հանձնաժողովի նիստի ժամանակ։ Պատգամավորներին հետաքրքրում էր` ինչո՞ւ է Բաթոյանն ընտրել հենց հունիսի 17–ը։ Նրանք առաջարկում էին, օրինակ, ընտրել ինչ–որ ականավոր հայի ծննդյան օր ու առաջնորդվել դրանով, ինչպես օրինակ` ապրիլի 7–ի դեպքում, որը Անահիտ աստվածուհու հետ է ասոցացվում։
Բաթոյանը պատճառաբանեց, որ աշխարհում հայրերի օրը հիմնականում նշվում է հունիսին ու շարժական տոն է, սակայն ՀՀ–ում շարժական տոները եկեղեցական տոներն են, այդ պատճառով ուղղակի պատահական օր է ֆիքսել։
Նա նաև նշեց, որ խորհրդակցել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ` հասկանալու` կա՞ առանձնահատուկ մի օր, որ հնարավոր է ընտրել որպես հայրերի օր, նա ասել է` ոչ։
«Իսկ ընդհանուր առմամբ, ես կարծում եմ` յուրաքանչյուր հայր իր ընտանիքում ականավոր է։ Իսկ հունիսին եմ ընտրել օրը, քանի որ այդ ժամանակ հնարավոր է ընտանեկան բացօթյա միջոցառումներ անցկացնել»,– նշեց Բաթոյանը։
ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց, որ փնտրել է համացանցում ու Վահագն հեթանոս աստծո մասին տեղեկություններ գտել, որ հայոց տոմարում նրա անունով է կոչվել ամեն ամսվա 27–րդ օրը։
«Եթե ուզում ենք ինչ–որ մի խորհրդանիշի հետ կապել այդ օրը, ապա կարող ենք Հայրերի օրը նշել հունիսի 27–ին»,– առաջարկեց նա։
Իսկ հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի համար Հայրերի օր նշելու գաղափարը լավն էր, սակայն ընտրված օրը լավը չէր։
«ԱՄՆ–ում հստակ առիթով հստակ անձի հետ կապված օր է ընտրվել տոնի համար, որը կնոջ մահից հետո միայնակ դաստիարակել է բազմազավակ ընտանիքը։ Կներեք էլի` ուղղակի քոփի–փեստ ենք անում համարյա նույն ամսաթվերը ու տեղափոխում ենք մեր իրականություն։ Բա լավ, մեր իրականության մեջ ամենահայտնի հայ հայրը ո՞վ է, որի՞ ծննդյան օրը կարող է դառնալ խորհրդանիշ։ Այս առումով մենք մեծ արդյունքների չենք հասել, իհարկե, սակայն ինչ–որ տրամաբանություն պետք է դնենք օրվա խորհրդում։ Ես, օրինակ, հայրերի օր կհռչակեի յուրաքանչյուր շաբաթ երեկոյան»,– ասաց Վարդանյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն իր հերթին նշեց, որ իր, այլ ոչ թե խմբակցության անունից հայտարարում է, որ դեմ է այս տոնին ու դեմ է քվեարկելու։
«Այս տոնը հարված է հայրերին և տղամարդկանց։ Հայրերը նման տոնի կարիք չունեն. նրանք պատասխանատու են ամեն ինչի համար։ Ես վստահ եմ, որ պետք չէ հայրերի տոն ունենալ։ Նրանց տոնը բոլոր օրերն են, և դա տոնը չէ, այլ պատասխանատվության օր է։ Հիմա լավագույն հայրը ո՞վ է, ով միայնակ պահել է երեխաներին, թե՞ նա, ով երեխաներին կնոջ հետ է լավ պահել։ Որևէ տղամարդ կողմ չի լինի, որ նման օր լինի, քանի որ տղամարդու օրը բանակի տոնն է։ Բոլոր տղամարդիկ էլ պարտավոր են հայր լինել, ի դեպ»,– հայտարարեց նա։
Թեև նա հայտարարեց, որ դեմ է քվեարկելու, սակայն վերջնարդյունքում ձեռնպահ քվեարկեց, և Բաթոյանի նախագիծն ուղարկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ` քննարկման։
Վերջում, Զարուհի Բաթոյանը վստահեցրեց, որ Հայրերի տոնի օրվա ընտրության առումով բաց է քննարկումների համար։