ՌՀՄԱ կենտրոնի ու ՃԿՊ ակադեմիայի ղեկավարները քննարկել են առաջիկա անելիքները

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 և 2025 թվականների փոխգործակցության ծրագրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման (ՌՀՄԱ) կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին և ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար Արմինե Հայրապետյանը քննարկել են համագործակցության համաձայնագրի ստորագրման հեռանկարները։ Տեղեկությունը հայտնում են կենտրոնի մամուլի ծառայությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ տարում և 2025 թվականին փոխգործակցության ծրագրերը:
Հանդիպման ժամանակ
Հանդիպմանը ներկա էր նաև կենտրոնի համատնօրեն Պավել Գյոզալյանը: Հանդիպման ընթացքում ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավարությունն անցկացրել է կենտրոնի և ունիվերսալ մարզահամալիրի շնորհանդեսը: Հայրապետյանն իր հերթին խոսել է ակադեմիայի նյութատեխնիկական բազայի մասին:
Բուտիրսկին Հայրապետյանին հրավիրել է առաջիկայում այցելել իրենց կենտրոն։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որը բացվել է 2016 թվականի մարտին Երևանի արվարձանում, իրականացնում է որոնողափրկարարական գործողություններին աջակցելու և տարերային աղետների հետևանքների վերացման, ինչպես նաև ազգային արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացմանն ուղղված աշխատանքներ:
Հանդիպման ժամանակ