ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ-ն և նրա Մինսկի խումբը պարտավոր են ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը և պաշտպանել Լեռնային Ղարաբաղի/Արցախի ժողովրդի իրավունքների ամբողջ համալիրը։ Արցախի Հանրապետության քաղաքացիական հասարակության շուրջ 50 կազմակերպություններ այս պահանջով դիմում են հղել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ Յան Բորգին։
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, լինելով Ադրբեջանի կողմից մանրակրկիտ պլանավորված և իրագործված ռազմական ագրեսիայի զոհ, դիմում է ԵԱՀԿ-ին՝ միջազգային մանդատով ստանձնած իր պարտավորությունները արժանապատիվ կատարելու պահանջով և չտրվելու Ադրբեջանի նման պետության քմահաճույքներին, որտեղ ատելությունը և հայատյացությունը մշակվում և կիրառվում են պետական բարձր մակարդակով»,– ասված է նամակում։
Նշվում է, որ հակամարտության գոտում ոչ մի ուժային փոխակերպում չի կարող օրինական համարվել և փոփոխել ԵԱՀԿ առաջնային գործառույթները, որ սահմանվել են 1992 թվականի մարտի 24-ին ԵԱՀԽ խորհրդի Հելսինկիի լրացուցիչ հանդիպմանը, մասնավորապես` Միջազգային խաղաղ խորհրդաժողովում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման մասով։
Կազմակերպությունների ներկայացուցիչները կոչ են անում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը խոչընդոտելու, առավել ևս հակամարտության կողմերի վրա ուժային ճնշումը շարունակելու դեպքում միջազգային քաղաքականության զինանոցից գործադրել այլ միջոցներ, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցներ։
«Խնդրում ենք Ձեզ համապատասխան վերաբերմունք և հարգանք դրսևորել Լեռնային Ղարաբաղին առնչվող ԵԱՀԿ որոշումների նկատմամբ և ամենամոտ ժամանակում պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային խորհրդաժողովի անցկացման համար»,– նշել ենք նրանք։
Նամակի հեղինակները շեշտել են, որ Արցախի ժողովրդի իրավունքների ամբողջ համալիրի, այդ թվում նաև ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը միջազգային հանրության ու ԵԱՀԿ խնդիրն է, քանի որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է իր միջազգային պարտավորությունները և, օգտագործելով իր ռազմական գերազանցությունը, հասել է նաև նրան, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են պաշտպանել Արցախի ժողովրդի շահերը։
Սեպտեմբերի 2-ին հայտարարությամբ էր հանդես եկել նաև Արցախի Ազգային ժողովը` նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միակ օրինական մանդատ ունեցող կառույց, վճռական կեցվածք չորդեգրեց իր իսկ կողմից հռչակած սկզբունքների պահպանման գործում, Ադրբեջանն այդ ամենը գնահատեց որպես թուլություն և, արհամարհելով միջազգային հանրության կողմից ընդունված ուժի չկիրառման մոտեցումները, 2020թ. և 2023թ. պատերազմական գործողությունների և ցեղասպանական քաղաքականության միջոցով բռնազավթեց միայնակ մնացած հայ ժողովրդի բազմադարյան բնօրրաններից մեկը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության տարածքը: