Կաբարդինո-Բալկարիայում աղիքային վարակի պատճառով ավելի քան 200 մարդ դիմել է բուժօգնության

Հարուցվել է քրեական գործ, նշանակվել է ջրի փորձանմուշների հետազոտություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Կաբարդինո-Բալկարիայում աղիքային վարակի պատճառով բուժօգնության է դիմել ավելի քան 200 մարդ, 63-ը հոսպիտալացվել է, այդ թվում՝ 56 երեխա, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով հանրապետության դատախազությանը:
Տարածաշրջանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Կաբարդինո-Բալկարիայի Բակսան քաղաքում սուր աղիքային վարակի բռնկումից հետո 70 մարդ է հոսպիտալացվել:
«Հաստատվել է, որ բուժօգնության համար ընդհանուր առմամբ դիմել է 212 մարդ, որոնցից հոսպիտալացվել է 63-ը, այդ թվում ՝ 56 երեխա։ Երեխաների վիճակը միջին ծանրության է: Աշխատանքը դադարեցրել են երկու դպրոցական և երկու նախադպրոցական հաստատություններ և մեկ քոլեջ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Վարակի ծագման պատճառներն առայժմ հայտնի չեն: Ջրմուղի աշխատակիցները սկսել են բնակարաններ մատակարարվող ջրի հիպերքլորացումը։