Հանրային նշանակության 27 000 գույք է ապօրինի օտարվել. Գաբրիելյանը նախագիծ ներկայացրեց

Սիսակ Գաբրիելյան
Պատգամավորը վստահեցնում է, որ որևէ մեկից սեփականության իրավունք խլելու հարց չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովը նախատեսում է ԽՍՀՄ տարիներին հանրային նշանակություն ունեցող գույքի օտարման հարցը կանոնակարգել։ Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացնելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
1991 թվականին «ՀՀ սեփականության մասին» օրենք է ընդունվել, որով նշվել է` ԽՍՀՄ տարիներին գործող բոլոր հասարակական կազմակերպությունների գույքերը համարվում են ՀՀ սեփականություն։
«Հանրային նշանակություն ունեցող գույքերը (մարզադաշտեր, նախկին պետական այլ կառույցներ) անկախությունից հետո այս կամ այն ճանապարհով անցել են իրավաբանական անձանց սեփականության տիրույթ օրենքի բացի հետևանքով։ Դրանց 80 և ավելի տոկոսն արդեն օտարված են, ու դրանց փոխարեն կա՛մ շենք–շինություններ են կառուցված, կա՛մ ուղղակի ամայացած մնացել են։ Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն` խոսքն ավելի քան 27 000 գույքի մասին է։ 1990-ականներից ի վեր այդքան գույք իրավաբանական անձինք օտարել են, ու որոշ հասարակական կազմակերպություններ ընդամենը թղթի վրա են գործել, իրական շահառուները բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել կամ նրանց ընտանիքի անդամներ»,– ասաց Գաբրիելյանը։
ՔՊ–ական պատգամավորը շեշտեց` բոլոր դեպքերով առանձին ուսումնասիրություն է իրականացվում, մինչև 1947 թվականների փաստաթղթերն ուսումնասիրվում են։ Այն դեպքերում, երբ կարծում են, որ պետության սեփականությունը ոչ իրավաչափ եղանակով է իրավաբանական անձանց անցում կատարել, գրավոր դիմում են դատախազություն։ Արդեն իսկ 2-3 դեպքով պետական շահերի պաշտպանության մասով հայցեր են ներկայացրել դատարաններ, որպեսզի դրանք կրկին ՀՀ սեփականության ներքո լինեն։
«Մենք կարծում ենք, որ բոլոր այն գույքերը, որոնք պատկանել են ԽՍՀՄ ՀԿ–ներին և որոնց նկատմամբ անկախությունից հետո գրանցվել է սեփականության իրավունք, ապա դրանց մասով որոշակի կանոնակարգում պետք է լինի։ Սրանց դեպքում պետք է հասարակական լսումներ անցկացվեն։ Նախատեսում ենք նաև, որ հանրային նշանակություն ունեցող, բայց դեռևս չօտարված շենք–շինությունների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու համար գործարքները կնքվեն միայն իրավաբանական անձի կառավարման բարձրագույն մարմնի անդամների 2/3-ի համաձայնության առկայության դեպքում»,– ասաց Գաբրիելյանը։
«Հրազդան» մարզահամալիրը մասնավորեցվեց. տարածքում «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա կհիմնեն
Նրա խոսքով` որևէ մեկից սեփականության իրավունք խլելու հարց չկա, ու որևէ մեկը չի պատրաստվում այդ մշակութային կամ մարզական շենք-շինությունները պետականացնել և հետո վաճառել այլ մասնավոր անձանց։ Պատգամավորն ընդգծեց, որ մի շարք կազմակերպություններից գրավոր դիմումներ ու նաև հեռախոսազանգեր են ստացել, որոնք ողջունել են այս նախագիծը։ ՔՊ–ական պատգամավորը նշեց, որ Նկարիչների միությունն այս նախագիծը դրական է ընդունել. Նրանք էլ են կարծում, որ իրենց շենքը պետք է ծառայի բացառապես նկարիչներին և որևէ դեպքում չի կարող օտարվել։
Տարընթերցումներից խուսափելու նպատակով Գաբրիելյանը ևս մեկ անգամ շեշտեց` նախաձեռնությունը որևէ մեկից սեփականության իրավունք խլելու և այն այլ անձի օտարելու նպատակ չի հետապնդում:
ՊԵԿ-ը 2024թ․ 6 ամսում բացահայտել է անշարժ գույքի ապօրինի վարձակալության տասնյակ դեպքեր