ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության մարզերում սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է, 2-5մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 2-5-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, 5-7-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում սեպտեմբերի 2-ին և 5-ին` 14-17մ/վ, 3-4-ին՝ 10-13մ/վ արագությամբ։
Գերատեսչությունից զգուշացնում են, որ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։