Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 3-ին կհանդիպեն ԱԱԾ տնօրենի հետ

Արմեն Աբազյան
ԱԱԾ տնօրենի հետ հանդիպմանը մի քանի ծնող է մասնակցելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. 2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողներն այսօր կհանդիպեն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց անհետ կորած ծնողներից մեկը։
«ԱԱԾ պետը զինծառայողների ծնողներին կընդունի ժամը 15.00–ին։ Հանդիպմանը լինելու է մոտ 5 ծնող։ Ուղղակի այսօր մեր տղաների հետ կապված դատական նիստ էլ կա, ուստի չգիտեմ անձամբ կհասցնեմ գնալ հանդիպմանը, թե ոչ»,– ասաց մեր զրուցակիցը։
Պատերազմում անհետ կորածների և գերեվարվածների հարազատները պետությունից աջակցություն կստանան
Հիշեցնենք` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` հայ–ադրբեջանական հակամարտության` 2020-2022թթ․–ի սրացումների հետևանքով շուրջ 300 անձ դեռևս համարվում է անհետ կորած։
2024 թվականի հունվարի 5-ի դրությամբ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Նրանց թվում են նաև Արցախի քաղաքական ղեկավարները։
2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները հուլիսին բողոքի ակցիա անցկացրին ԱԱԾ շենքի մոտ։ Նրանք քննչական մարմիններից պահանջում էին չտարանջատել ԴՆԹ համընկնում ունեցող զինծառայողներին համընկնում չունեցողներից և զբաղվել բոլոր զինծառայողների ճակատագրերով, քանի որ իրենք չեն հավատում ԴՆԹ արդյունքներին։