Ոչ մի դեպքում չչեղարկել երեխայի հայտը. ԿԳՄՍՆ–ն զգուշացնում է 1–ին դասարանցիների ծնողներին

Սեպտեմբերի 1-ը Երևանում
Նախարարությունը վստահեցնում է hayt.emis.am էլեկտրոնային համակարգը բնականոն գործում է, որևէ տեխնիկական կամ այլ կարգի խնդիր չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում անհայտ անձինք զանգահարում են առաջին դասարանցիների ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը՝ պատճառաբանելով, թե աշակերտի հայտը համակարգում տեսանելի չէ։ Այս մասին ծնողներին զգուշացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Վերոնշյալ խաբեությանը զոհ չդառնալու համար հորդորում ենք ոչ մի պարագայում չչեղարկել ձեր երեխայի հայտը, քանի որ այդ պարագայում նշված տեղի համար կարող են հայտ ներկայացնել այլ ծնողներ։ Տեղեկացնում ենք, որ առաջին դասարանցիների հայտագրման hayt.emis.am էլեկտրոնային համակարգը գործում է բնականոն, որևէ տեխնիկական կամ այլ կարգի խնդիր չկա. հայտագրված բոլոր երեխաների տվյալները հստակ երևում են»,– նշված է հաղորդագրության մեջ։
ԿԳՄՍՆ–ն հիշեցնում է, որ առաջին դասարան ընդունված երեխաների փաստաթղթերը ծնողները դպրոց պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ:
Հիշեցնենք` 2024 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ hayt.emis.am համակարգում հայտագրված էր 34 780 առաջին դասարանցի: