ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՍԴ նախակին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ներկայացավ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
Նախորդ դատական նիստում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Թովմասյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել` նրան դատարան ներկայացնելու հիմքով և ոստիկանությանը հանձնարարել էր կատարել որոշումը։
Դատարանը հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանն անհարկի ձգձգում է դատավարությունը և խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց։
«Սպասեցի–սպասեցի, որ բերման ենթարկեն, ինչպես տեսնում եք` բերման չեն ենթարկել»,–դատարանի բակում լրագրողներին ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։
Նշենք, որ Հրայր Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): ՀՀ դատախազությունը պահանջում է մեղավոր ճանաչել վերջինիս ու 7 տարի ժամկետով դատապարտել ազատազրկման։