ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանն ու Բելառուսը անվտանգության երաշխիքների մասին պայմանագիրը կստորագրեն դեկտեմբերին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Մաքսիմ Ռիժենկովը՝ ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ։
«Միութենական պետության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ, որը կնշենք այս տարվա դեկտեմբերին, նախատեսում ենք Ռուսաստանի հետ ստորագրել երկու երկրների անվտանգության երաշխիքների վերաբերյալ միջպետական պայմանագիր, որտեղ դրվելու է միջուկային և սովորական սպառազինության օգտագործման սկզբունքը, ինչպես նաև պաշտպանության այլ մեթոդներ, որոնք վերաբերում են միութենական պետության կազմում ընդգրկված երկու երկրներին», - ասել է Ռիժենկովը:
Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել ձեռք բերված ռեկորդային մակարդակի և երկկողմ շփումների վրա, հատկապես երկու պետությունների և կառավարությունների ղեկավարների գծով: