ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախցիների վերադարձի հարցը միշտ պետք է պահել միջազգային օրակարգում։ Արցախի Անկախության օրը ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի կազմակերպած «Վերադարձ» խորագրով միջոցառումից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
«Իհարկե, այս պահին էլ այս հարցը միջազգային օրակարգում կա, սակայն ՀՀ իշխանությունների ծանոթ կեցվածքը հաշվի անելով` հնարավոր է` այդ օրակարգից հարցը դուրս մնա։ Ուրեմն ամեն ինչ պետք է անել, որ արցախցիների վերադարձի հարցը մնա միջազգային օրակարգում»,– ընդգծեց Մանոյանը։
Ըստ նրա` այստեղ մեծ անելիք ունեն Արցախի իշխանությունը, Հայաստանի հասարակությունը և սփյուռքն իր բոլոր կառույցներով։
Անդրադառնալով սփյուռքին` Մանոյանը նշեց, որ այսօր արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքն այնտեղ միանշանակ չէ. դժգոհությունները գնալով ավելանում են, ավելին` կա հիասթափություն ու Հայաստանից ինչ–որ չափով նաև երեսթեքում։
Նշենք, որ «Վերադարձ» խորագրով միջոցառմանը ներկա են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը և այլ քաղաքական, հասարակական գործիչներ։
Միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ. ներկաները հարգանքի տուրք մատուցեցին արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը։ Այնուհետև հնչեցին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների օրհներգները։