Իրական Ադրբեջան. անփոփոխ վարչակարգի փոփոխված խորհրդարանը

​Այդ մենք ենք, որ ինչ-ինչ ակնկալիքներ ունենք հերթական ընտրություններից։ Ադրբեջանում որևէ մեկը կիրակի օրը կայացած ընտրություններից առանձնապես սպասելիք չուներ, ու այդպես էլ եղավ։
Sputnik
Եվ ուրեմն այս տարի հերթական անգամ վերընտրված Իլհամ Ալիևին պաշտոնավարման առաջիկա 7 տարիների ընթացքում դժվար թե ինչ-որ բան սպառնա, նրա կինն էլ, ըստ երևույթին, կշարունակի ղեկավարել իշխող կուսակցությունը, որն առաջիկա 5 տարիների ընթացքում մեծամասնություն կկազմի Մեջլիսում։
Միակ նորությունը թերևս այն է, որ հին պատգամավորներից մի քանիսին պառլամենտում կփոխարինեն իրենց երեխաները։ Այնպես որ կարելի է ասել՝ ամենաբարձր մակարդակում վաղուց ձևավորված ընտանեկան ավանդույթներն արդեն արմատներ են գցում նաև խորհրդարանում։ Իսկ ի՞նչ կա որ՝ եթե կան բժիշկների, դերասանների գերդաստաններ, ինչո՞ւ պիտի պատգամավորական գերդաստաններ չլինեն, մանավանդ, երբ տեսնում եմ, որ Հայաստանի խորհրդարանի նիստերը վարում է փոխխոսնակներից մեկը, անմիջապես հիշում եմ, որ 30 տարի առաջ նույն բանն անում էր նրա հայրը։ ​
Այդ տարօրինակ Նորվեգիան. արքայադուստրը որոշել է ամուսնանալ ամերիկացի շամանի հետ
Ուղղակի այս ընտրությունները շատ լավ օրինակ են այն բանի, թե ինչպես կարելի է լրիվ տարբեր, տրամագծորեն հակառակ տեսակետներից ներկայացնել նույն իրականությունը։ Քննադատներն ասում են՝ չի՛ կարելի այս ընտրություններն արդար համարել, որովհետև ընդդիմությունը բոյկոտում էր։ Պաշտոնական Բաքուն պատասխանում է՝ Ադրբեջանում գրանցված է 25 կուսակցություն, գրեթե բոլորն էլ թեկնածուներ էին առաջադրել, բացի մեկից՝ «Ժողովրդական ճակատից»։ Է, կներե՛ք, այդ ճակատը համապետական վերջին 7 ընտրություններից որևէ մեկին չի մասնակցել. սա դուք անվանում եք ընդդիմության բոյկո՞տ։ ​Քննադատներ՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները հրավիրված չեն եղել։ Պաշտոնական Բաքու՝ այո՛, չենք հրավիրել, որովհետև այդ կազմակերպությունը կողմնակալ է, միշտ հայերին է պաշտպանում, փոխարենն ընտրություններին ներկա են եղել դիտորդներ գրեթե 70 երկրներից և 50 կառույցներից, այդ թվում՝ ԵԱՀԿ-ից, էլ չենք ասում, որ քվեարկությանը հետևել են մոտ 100 հազար տեղական դիտորդներ։
Բացի այդ, երկու կազմակերպություններ այսպես կոչված էքզիտ-փոլեր են անցկացրել, այնինչ որոշ երկրներում ընտրողների այդ հարցումներն ընդհանրապես արգելված են։ ​Եվ վերջապես։ Արևմտյան որոշ լրատվամիջոցներ և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ պնդում են, թե ընտրություններն անցել են աննախադեպ ռեպրեսիաների պայմաններում, երբ Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են իրականացվել, և էապես աճել է քաղաքական բանտարկյալների թիվը։
Մինչ կառավարությունը քննարկում է ոչխարների և մեղուների խնդիրը...
Այս մեղադրանքներին Ադրբեջանի իշխանությունները շատ հանգիստ պատասխանում են՝ ցույց տվեք գեթ մեկ քաղաքական բանտարկյալի։ Մարդիկ ձերբակալվել կամ դատվել են միայն ու միայն քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքների համար։ Եվ եթե դուք ասում եք, որ շատերին պետական դավաճանության մեղադրանքներ են ներկայացվել, մենք էլ կարող ենք փաստել՝ պետական դավաճանությունը հանցագործություն է համարվում գրեթե բոլոր երկրներում։ Իսկ թե ինչ որոշում կընդունեն դատարանները, դա լիովին իրենց իրավասությունն է, գործադիր մարմինները հո չե՞ն կարող միջամտել դատարանների աշխատանքին, որովհետև դատավորները մեզ մոտ բացարձակ անկախ են։ Ծանո՞թ փաստարկներ են։ Փորձեք հերքել։ ​
Ճիշտն ասած, դժվար է միանշանակ պնդել, թե ադրբեջանական այս ընտրությունները զանգվածաբար կեղծվել են, և վերջնական արդյունքները, որոնք առայժմ չեն էլ հրապարակվել, չեն արտահայտելու իրական տրամադրությունները։ Ինչո՞ւ պիտի զարմանանք, որ ղարաբաղյան հաղթանակից հետո անցկացված այս առաջին խորհրդարանական ընտրություններում ժողովուրդն աջակցել է իշխանություններին, որոնք ոչ միայն ապահովել են այդ հաղթանակը, այլև շարունակում են նորանոր պայմաններ թելադրել Հայաստանին։ Սովորաբար աշխարհի բոլոր երկրներում էլ ժողովուրդը միշտ ընտրություններում աջակցում է հաղթած իշխանություններին։ Այդպես չէ՞։ ​Ու թույլ տվեք ևս մի դիտարկում անել։ Եթե մենք սկսել ենք ավելի ու ավելի հաճախ խոսել «իրական Հայաստանի» մասին, մենք չպիտի պատրանքներ ունենանք նաև իրական Ադրբեջանի վերաբերյալ։
Եվ պարտավոր ենք փաստել, որ առնվազն առաջիկա 5 տարիների ընթացքում մենք ստիպված ենք գործ ունենալ մի պետության հետ, որի ղեկավարության գործելակերպը ամերիկյան «Newsweek» հանդեսն իր վերջին համարում նկարագրել է այսպես. «Հայտարարելով, որ Հայաստանի տարածքի զգալի մասը Ադրբեջանի պատմական հողն է, ադրբեջանցի առաջնորդը արշավ է սկսել հայկական եկեղեցիներն ու կրոնական օբյեկտները «սկզբնական տեսքով» վերականգնելու համար, և հիմա արդեն մենք գիտենք, որ դա նշանակում էր այդ եկեղեցիների և հուշարձանների հիմնովին ոչնչացում։ «Reuters» գործակալության և Աստվածաշնչի թանգարանի վերջերս հրապարակված հաշվետվության համաձայն՝ մոտ 400 հայկական եկեղեցիներ և կրոնական օբյեկտներ գտնվում են վանդալիզմի և լիակատար ոչնչացման վտանգի տակ»։
​Մյուս կողմից մենք պետք է պատրաստ լինենք, որ եվրոպացիները հիմնականում աչք են փակելու այդ ամենի վրա, քանզի գնալով ավելի ու ավելի մեծ կախվածության մեջ են ընկնելու ադրբեջանական գազից ու նավթից։ Ինչ արած, մնում է միայն փաստել, որ գոնե առայժմ իրական Ադրբեջանի իրական հեռանկարներն ավելի հստակ են ուրվագծվում, քան իրական Հայաստանի իրական հեռանկարները։ ​
Հռչակել ենք իրական Հայաստան, շարունակում ենք ապրել «եթե»-ների երկրում