ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Հայ ռազմագերիների և պատանդառված անձանց վերադարձի հարցում Հայաստանի քաղաքական դաշտում խիստ պասիվություն կա։ Արցախի Անկախության օրվա կապակցությամբ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով` հայ ռազմագերիների և պատանդառված անձանց վերադարձի հարցը և քաղաքական և իրավական դաշտում է։
«Եթե իրավական առումով գործողություններ են ձեռնարկվել, մասնավորապես ՄԻԵԴ–ի միջոցով մարդկանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին տեղեկություն ստանալու համար, ապա քաղաքական դաշտում խիստ պասիվություն կա»,–ասաց նա։
Ստեփանյանը հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը, երբ վարչապետը հայտարարեց, որ գերիների վերադարձի համար մեծ աշխատանք է տարվում, որը հաճախ տեսանելի չէ։
Ստեփանյանն ընդգծեց, որ այդ աշխատանքը տեսանելի չէ նաև գերեվարված անձանց հարազատների համար։
«Հույս ունենանք, որ իրապես կան որոշակի գործողություններ ռազմագերիների և պատանդառված անձանց օր առաջ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ պահանջատեր լինենք, որ եթե այս ուղղությամբ աշխատանք է տարվում, հանրությունը և գերեվարվածների հարազատները պետք է տեղյակ լինեն»,–ասաց նա։
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։
Բացի հասարակ քաղաքացիներից, ադրբեջանական բանտերում են գտնվում Արցախի Հանրապետության 3 նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը: