Բարձրաստիճան պաշտոնյան 41 հազար դրամով կգոյատևի՞ մեկ ամիս. Մանասերյան

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ՀՀ պաշտոնյաներին առաջարկում է մեկ ամիս ապրել իրենց հաշվարկած նվազագույն պարենային զամբյուղի գումարով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Նվազագույն պարենային ու սպառողական զամբյուղների` Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները վրդովեցրել են «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանին։
«Ես կուզեի, որ այդ 41 հազարը տային այսօրվա ցանկացած պաշտոնյայի, ով և՛ բարձր աշխատավարձ է ստանում, և՛ չհիմնավորված պարգևավճարներ, և ասեին` դրանով մեկ ամիս գոյատևեք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետը` պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են ներկայացրած թվերը արտացոլում Հայաստանում ամենահամեստ ծախսերով ապրելու համար անհրաժեշտ գումարի իրական չափը։
Վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն` Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղը ամսական կտրվածքով կազմում է 41 657 դրամ։ Դրա մեջ հաշվարկված են մեկ անձին անհրաժեշտ քանակի հաց, միս, ձուկ, ձու, կաթնամթերք, ձեթ, միրգ, բանջարեղեն, կարտոֆիլ, շաքար և մարգարին։
Նվազագույն սպառողական զամբյուղը ամսական արժե 77 065 դրամ։ Բացի վերը նշված սննդամթերքից, սպառողական զամբյուղում հաշվարկված են նաև ծխախոտի, ալկոհոլայի և ոչ ալկոհոլային խմիչքների, բենզինի, դիզվառելիքի և էլեկտրաէներգիայի ծախսերը։
Թաթուլ Մանասերյանի հաշվարկով՝ 70-80 հազար դրամը պետք է լինի ոչ թե սպառողական, այլ պարենային նվազագույն զամբյուղի գինը` մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ սննդի չափաքանակ ձեռք բերելու համար։
Ինչ վերաբերում է սպառողական զամբյուղին, տնտեսագետը տարակուսում է` ինչպե՞ս կարող է սպառողական զամբյուղում կոմունալ ծառայություններից ներառված լինել միայն էլեկտրաէներգիան, կամ հաշվարկված չլինեն առողջապահական, տրանսպորտային ծախսերը։
Հայաստանում սպառողական գները 2024 թ. 7 ամսում միջինում նվազել են 0.2 %–ով
«Չի կարելի մարդուն վերածել կենդանու։ Ես պատրաստ եմ բանավիճել այդ հաշվարկի հեղինակների հետ ու իրենց ապացուցել, որ այդ գումարները բավարար չեն անգամ 1 շաբաթվա կտրվածքով սնունդ հայթայթելու համար»,– նշում է մասնագետը։
Նշենք, որ 2019թ–ի համեմատ նվազագույն պարենային զամբյուղի արժեքը ավելացել է 7.5 հազար դրամով` 33 004 դրամից հասնելով 41 657–ի, իսկ սպառողական զամբյուղի արժեքը 16 000 դրամով` 61 508 դրամից հասնելով 77 065–ի։
Ի դեպ, Թաթուլ Մանասերյանի համոզմամբ` այդ տարիներին գրանցված գնաճն իրականում մի քանի անգամ գերազանցում է Վիճակագրական կոմիտեի հաշվարկներում արտացոլված ցուցանիշները։