ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանում շուրջ 470 ոչ կառավարական կազմակերպություններ արդարադատության նախարարության քաղաքացիական ռեգիստրի ազգային գործակալություն են դիմել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքով նախատեսված կարգով գրանցվելու համար։ Այս մասին հայտարարել է արդարադատության փոխնախարար Թամար Տկեշելաշվիլին:
«Այս պահի դրությամբ արդարադատության նախարարություն է դիմել 469 կազմակերպություն, սակայն գրանցման վայրերում դեռ հերթեր են, ուստի թիվը կհստակեցվի օրվա վերջում», - հայտարարել է Տկեշելաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:
Վրաստանում գործող ոչ կառավարական կազմակերպությունները, որոնց ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստացվում է արտերկրից, օգոստոսի 1-ից պետք է գրանցվեն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքով սահմանված կարգով՝ լրացնելով 2023 թվականի հայտարարագիրը և նշելով իրենց ֆինանսավորման աղբյուրները։
Ակնկալվում է, որ սեպտեմբերի 3-ից տուգանքներ կգործարկվեն այն ՀԿ-ների նկատմամբ, որոնք հրաժարվել են գրանցվել: Տուգանքը կազմում է 25 հազար լարի (մոտ 9,2 հազար դոլար):
Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագիծը, որը տևական ժամանակ փոթորկել էր Վրաստանը: Այդ օրենքի ընդունումից հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն Վրաստանի հետ հարաբերությունները վերանայելու մասին հայտարարություններ արեցին։ Ամերիկյան կողմն արդեն չեղարկել է Վրաստանում նախատեսված զորավարժությունները, իսկ Եվրամիությունը սառեցրել Է երկրի պաշտպանության նախարարության ֆինանսավորումը։