Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում հանրապետությունը հիմնականում գտնվելու է Իրաքից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում․Սուրենյան

Sputnik
«Սեպտեմբերի առաջին շաբաթը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա գրեթե 3 աստիճանով»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով` մեր հանրապետությունը հիմնականում գտնվելու է արևադարձային լայնություններից` մասնավորապես Իրաքից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։
«Դրա արդյունքում ջերմային ֆոնը նորմայից մի փոքր բարձր կլինի` 2-3 աստիճանով։ Այդ տաք հոսանքների ներթափանցումը սպասում ենք սեպտեմբերի 2-ից սկսած։ Արդյունքում, սեպտեմբերի 2-3-ը ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Նման ջերմային ֆոն կդիտվի Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում, Տավուշի ցածրադիր հատվածներում և Երևանում։ Ցերեկային ժամերին օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել 37-38 աստիճանի»,-մանրամասնել է Սուրենյանը։
Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալի՝ սեպտեմբերի 15-ը համարվում է կլիմայական ամառ, դրանից հետո միայն օդի ջերմաստիճանը կսկսի նվազել։
Մասնագետը շեշտել է, որ Հայաստանում ամենացուրտ սեպտեմբերը եղել է 2009 թվականին, երբ ամսվա վերջին օրերին լեռնային հատվածներում նույնիսկ ձյուն է տեղացել։
Սուրենյանի խոսքով՝ վերջին 4 տարիներին սեպտեմբերը հիմնականում տաք է լինում։