Վրաստանում մոտ 360 ՀԿ ուզում է գրանցվել` համաձայն օտարերկրյա գործակալների մասին օրենքի

Վրաստանի արդարադատության փոխնախարարը նշել է, որ օրենքի պահանջներին անվստահություն է հայտնել միայն 1 տոկոսը այն կազմակերպություններից, որոնց վերաբերում է օտարերկրյա գործակալների մասին օրենքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանի շուրջ 360 «օտարերկրյա գործակալ» ՀԿ–ներ գրանցման հայտ են ներկայացրել վերջերս ընդունված օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի համաձայն:

«Չնայած նրան, որ հանրությանը մոլորեցնող տեղեկատվություն է տրվում, թե իբր օրենքը վերաբերում է ՀԿ–ների միայն 1 տոկոսին, այնինչ իրականությունն այն է, որ օրենքի պահանջներին անվստահություն է հայտնել միայն 1 տոկոսը այն կազմակերպություններից, որոնց վերաբերում է օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Այսքանով եկեք ավարտենք թվերի մանիպուլյացիաները, վախերի և այլ թեմաների մասին խոսակցությունները»,– Sputnik Գրուզիան մեջբերել է Վրաստանի արդարադատության առաջին փոխնախարար Թամար Տկեշելաշվիլիի խոսքը։

Նա այսպես է պատասխանել դատարանում Վրաստանի նախագահի ներկայացուցիչ Գեորգի Բուրջանաձեի այն արտահայտությանը, որ կազմակերպությունները վախից դիմում են Արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի ազգային գործակալություն` գրանցման համար։
Վրաստանի նախագահը դիմել է ՍԴ` «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը չեղարկելու պահանջով
ՀԿ–ները և ԶԼՄ–ները, որոնց տարեկան եկամտի ավելի քան 20 տոկոսի աղբյուրը «օտարերկրյա ուժն» է, պետք է գրանցման համար դիմեն Վրաստանի արդարադատության նախարարության հանրային ռեեստրի ազգային գործակալություն առավելագույնը մինչև սեպտեմբերի 2–ը, իսկ գրանցումից հետո լրացնեն հայտարարագիրը: Խոսքը ՀԿ–ների` 2023 թվականի ֆինանսական միջոցների մասին է։ Գրանցումից հրաժարվելը կամ սահմանված ժամկետում հայտարարագիր չլրացնելը կհանգեցնի 25 հազար լարի (9,2 հազար դոլար) տուգանքի: