Մեր աղոթքն է` Աստված քաջարթուն միտք պարգևի ձեզ. Գարեգին Բ–ի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

Հայաստանում սեպտեմբերի 1–ին նշվում է Գիտելիքի օրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Կրթօջախներում ամբարած գիտելիքներն ու իմացությունը գրավականն են մեր զավակների ինքնության կերտման և մեր երկրի առաջընթացի ու զարգացման, իսկ կրթության հետ փոխանցվող հոգևոր-բարոյական մնայուն արժեքները` հայրենանվիրումի, ազգասիրության և մեր սրբությունների հանդեպ հավատարմության: Այս մասին ասվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի` Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով հղած ուղերձում։
«Սիրելի մանկավարժներ, թող Տերը առատորեն արդյունավորի ձեր նվիրյալ ջանքերը` հայրենյաց ավանդներով ու հոգևոր-ազգային արժեքներով կրթելու և դաստիարակելու ուսումնատենչ ու շնորհաշատ մեր զավակներին` հանուն հայրենիքի զորացման և մեր ժողովրդի առաջընթաց կյանքի: Սիրելի աշակերտներ և ուսանողներ, Մեր աղոթքն է, որ Բարձրյալն Աստված քաջարթուն միտք պարգևի ձեզ և ուսումնական նոր տարում առավել փութաջանորեն լծվեք նորանոր գիտելիքներ ամբարելուն»,–ասվում է Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձում:
Նա վկայակոչել է աստվածաշնչյան առակը` «Երբ իմաստությունը մտնի սրտիդ մեջ, և գիտությունը ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ, և արդար մտքերը քեզ պիտի պահպանեն» (Առակ. Բ 10):
Այսօր նաև այն երեխաների տոնն է, որոնց դասերից հետո մայրիկները Եռաբլուր են տանելու