Աշնան առաջին օրը օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Տավուշ. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է, 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում աշնան առաջին օրվա ցերեկը կլինի 32-34 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցի +25...+27 աստիճան։
Գերատեսչությունից զգուշացնում են, որ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: