Ամբերդ ամրոցում նորոգման աշխատանքներ կսկսվեն. ԿԳՄՍՆ–ն` տարածված տեսանյութի մասին

Ամրոցի մասնակի վերականգնման աշխատանքներն իրականացվելու են նախարարության պատվերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ամբերդ ամրոցում առաջիկա շաբաթվանից կսկսվեն ամրոցի ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նախարարությունն անդրադարձել է համացանցում շրջանառվող տեսանյութին, որտեղ երևում է ամրոցի պատերի փլուզում։
ԿԳՄՍՆ–ից նշում են, որ ամրակայման և նորոգման աշխատանքներն իրականացվելու են նախարարության պատվերով։
«Աշխատանքներից առաջ կատարվում են մաքրման աշխատանքներ դղյակի ներսում: Նախագծով նախատեսված աշխատանքների տևողությունը 5-6 տարի է: Այս տարվա հատկացման չափը մոտ 50 մլն դրամ է, ամբողջ ծրագրի արժեքը՝ ավելի քան 450 մլն դրամ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ աշխատանքներին ընդառաջ դղյակի մուտքը մասնակի կսահմանափակվի, ինչի վերաբերյալ հավելյալ կտեղեկացվի։
Նշենք, որ Ամբերդ ամրոց–բերդաքաղաքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս–արևմուտք: Ամրոցի կառուցման տեղը ընտրվել է հին և միջնադարյան Հայաստանում ընդունված ամրոցաշինության սկզբունքների համաձայն:
Արգելոց բառը փոխարինել մեկ այլ բառով. Փաշինյանը հանձնարարական է տվել Լեզվի տեսչությանը
Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպյան, ոմանք էլ` ուրարատական և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններին: Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է 10–13–րդ դարեր:
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը ստեղծվել է ՀՀ կառավարության 2017 թվականի որոշմամբ` ներառվելով «Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի կազմում: Պատմամշակութային արգելոցի տարածքը 45,07 հեկտար է: