Այստեղ կարծես ժամանակը կանգ է առել. դարպասից ներս ես մտնում ու խորհրդային ժամանակներում հայտնվում։ Եղեգնաձորի նախկին տրիկոտաժի, ձեռնոցների ֆաբրիկան է հիմնադրվել է 1980-ին, ժամանակին երեք գյուղում մասնաճյուղ ուներ, ընդհանուր մոտ 1200 աշխատակից, որոնց գրեթե կեսը` գլխամասային ֆաբրիկայում։ Երկու հերթափոխով էին աշխատում։
Եղեգնաձորի նախկին տրիկոտաժի ֆաբրիկան
© Sputnik / Aram Nersesyan
«Բանվորի երկիր էր․ դերձակները 200-400 ռուբլի էին ստանում, իմ աշխատավարձը 120 ռուբլի էր»,- ասում է նախկին տնօրեն Հայկ Իսախանյանը։
Հայկ Իսախանյան
© Sputnik / Aram Nersesyan
1998-ին ֆաբրիկան սեփականաշնորհվեց, ու մի քանի օր անց սկսվեցին ֆաբրիկայի խնդիրները՝ դատական քաշքշուկներ, թղթաբանություն և այլն։ Արդյունքում արդեն մոտ քառորդ դար ֆաբրիկայի դռները փակ են։
Եղեգնաձորի նախկին տրիկոտաժի ֆաբրիկան
© Sputnik / Aram Nersesyan
Նախկին տնօրեն Հայկ Իսախանյանը, որը ներկայում տարածքի սեփականատերն է, ասում է` այսքան տարի որևէ սարք ֆաբրիկայից դուրս չի բերել, անգամ չհրկիզվող պահարաններն են փակ մնացել։ Ամեն բան իր տեղում է, միայն թե դազգահների, կարի մեքենաների աղմուկի ու դերձակուհիների խոսքուզրույցի փոխարեն լռություն է։
Հայկ Իսախանյանը Եղեգնաձորի նախկին տրիկոտաժի ֆաբրիկայում
© Sputnik / Aram Nersesyan
«Վերջերս բանվորուհիներից մեկի սեյֆը բացեցինք՝ սանր էր, կոֆեի բաժակ, լաթիկներ, պատառաքաղ, գդալ։ Ամեն ինչ թողնվել է այնպես, որ մի օր վերադառնալու ենք»,- ասում է Իսախանյանը։
Եղեգնաձորի նախկին տրիկոտաժի ֆաբրիկայում
© Sputnik / Aram Nersesyan
Ինչի՞ց սկսվեցին ֆաբրիկայի խնդիրները
Սեփականատերն ասում է՝ անտեր ժամանակներ էին, օրենքներ չէին գործում: Բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունների հիմքով դատական գործընթացը մոտ 20 տարի տևեց։
«Դա մի ժամանակաշրջան էր, երբ դատարանի վճիռը ներկայացնում էի պետական կառույցներ` շպրտում էին մի կողմ, ասում էին՝ սա մեզ պետք չի, մենք այսպես ենք ուզում»,- նշում է նա։
Եղեգնաձորի նախկին տրիկոտաժի ֆաբրիկան
© Sputnik / Aram Nersesyan
Վերջապես 2018թ․ դատարանային քաշքշուկներն ավարտվեցին, բայց ֆաբրիկայի դռներն այդպես էլ չբացվեցին։ Տասնամյակների լքվածությունն իր ծանր ու տեսանելի հետքն է թողել շենքի վրա։ Ֆաբրիկան կյանքի վերադարձնելու համար միլիոնների ներդրումներ են պետք։
Անգործության մատնված Եղեգնաձորի նախկին տրիկոտաժի ֆաբրիկայում ամենուրեք սարդոստայններ են
© Sputnik / Aram Nersesyan
«Փորձեցինք պետությունից աջակցություն ստանալ, խնդրեցինք 35 մլն դրամ տրամադրել, որ գոնե վերևի հարկը վերանորոգենք։ Եվ խոստացանք, որ էդ 35 միլիոնի դիմաց սկզբում մի 60 աշխատատեղ կստեղծենք։ Իսկ մնացած գումարներն էլ խոստացանք, որ աշխատանքի ընթացքում մենք կհայթայթենք։ Մերժում ստացանք, հիմա այլ ճանապարհներ ենք փնտրում»,- նշում է Իսախանյանը։
Հայկ Իսախանյանը Եղեգնաձորի նախկին տրիկոտաժի ֆաբրիկայում
© Sputnik / Aram Nersesyan
Ասում է՝ կառավարությունը սուբսիդավորում է առաջարկել, բայց իրենց դեպքում դա ելք չէ, ամբողջական աջակցություն է պետք։
Նախկին տնօրենը մտածում է՝ կարելի է տրիկոտաժի փոքրիկ արտադրություն պահել, որը կբավարարի տարածաշրջանի ներքին կարիքները, և նոր արտադրություններ հիմնել, օրինակ՝ մրգօղիներ, տարբեր պահածոներ արտադրել (որոնցով հայտնի է Եղեգնաձորը) ու արտահանել։ Բացի այդ, նա մեծ նպատակ ունի նախկին ֆաբրիկայի մի մասում թանգարան հիմնելու, քանի որ այստեղ այնպիսի նմուշներ կան պահպանված, որոնց մասին միայն լսել ենք կամ խորհրդային ժամանակների մասին պատմող գրքերում կարդացել։ Դրանցից է, օրինակ, առաջավոր կոլեկտիվներին լավագույն աշխատանքի համար տրվող փոխանցիկ դրոշը։
Հայկ Իսախանյանը ցույց է տալիս փոխանցիկ դրոշը
© Sputnik / Aram Nersesyan
Խորհրդային Միությունը փլուզվեց, դրոշն էլ այստեղ` ֆաբրիկայում մնաց։ Պատերին այն ժամանակներից մնացած գրություններ են, անգամ էվակուացիոն սխեման է իր տեղում։ Անխափան գործում է բանվորներին ընդմիջման կանչող զանգը։
Անգործության մատնված Եղեգնաձորի նախկին տրիկոտաժի ֆաբրիկայում ամենուրեք սարդոստայններ են
© Sputnik / Aram Nersesyan
Պահպանվել է նաև ֆաբրիկայի տասնամյակների արտադրանքից 1-ական նմուշ՝ յուրաքանչյուրը՝ արտադրության տարեթվի նշումով։ Ամենահայտնի նմուշն այստեղ արտադրված առաջին կանացի ներքնազգեստն է, որի վրա բանվորուհիների ստորագրություններն են, դրանց կողքին այսօր նաև զբոսաշրջիկներն են ստորագրում։
Եղեգնաձորի տրիկոտաժի և ձեռնոցների գործարանի` ԽՍՀՄ տարիների արտադրանքը
© Sputnik / Aram Nersesyan
«Այսպիսի ներքնազգեստ հագնողները միշտ տղա են ունենում»,- կատակում է Հայկ Իսախանյանը։
Եղեգնաձորի տրիկոտաժի և ձեռնոցների գործարանի` ԽՍՀՄ տարիների արտադրանքը` հայտնի ներքնազգեստը
© Sputnik / Aram Nersesyan
Վերջին տարիներին նախկին ֆաբրիկայի շենքը զբոսաշրջային հետաքրքիր երթուղիներում էլ է ընդգրկվում, այստեղ պտտվելն ու յուրահատուկ նմուշներին ծանոթանալը հատկապես արտասահմանցի զբոսաշրջիկներին է գրավում։
Պաշտոնական
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ «Տարոն» ԲԲԸ–ի (Եղեգնաձորի նախկին տրիկոտաժի ֆաբրիկա) խնդիրները, ինչպես նաև վերագործարկման հնարավորությունները բազմիցս քննարկվել են ինչպես Եղեգնաձորում, այնպես էլ նախարարությունում տնօրեն Հայկ Իսախանյանի հետ։ Նրան ներկայացվել է ներդրումներ ներգրավելու կարևորությունը։
«Միևնույն ժամանակ, նախարարության կողմից քայլեր են ձեռնարկվել ընկերության համար համապատասխան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, այդ թվում՝ ոլորտի ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ձևաչափով։ Ինչ վերաբերում է պետության կողմից անտոկոս կամ ցածր տոկոսով վարկի տրամադրմանը՝ ապա տնօրենին ներկայացվել է (այդ թվում՝ գրավոր) պետության կողմից աջակցության գործիքակազմն ու ընթացակարգերը»,- նշված է նախարարության պատասխանում։
Գերատեսչությունից նաև հայտնում են, որ կառավարության կողմից առանձին ծրագրեր նախատեսված չեն թեթև արդյունաբերության ոլորտի առանձին ընկերությունների համար, նաև նախարարությունում չի քննարկվել ֆաբրիկան թեթև արդյունաբերության թեմատիկայով թանգարանի վերածելու հարցը։