ՀՀ-ի միակ խխունջաբուծական ֆերման. Վահեն որոշել է նաև կոսմետիկ միջոցներ և խավիար ստանալ

ՀՀ–ի միակ խխունջաբուծական ֆերման
Հայաստանի առաջին ու միակ խխունջաբուծական ֆերման նաև մեր երկիրը` որպես գաստրոտուրիզմի ուղղություն, նոր ձևով է դիրքավորում։ Առաջիկայում նպատակ կա նաև բացառիկ պրոդուկտ ստանալու՝ խխունջի խավիար։
Sputnik
Մոտ 5 տարի առաջ մասնագիտությամբ ռեժիսոր Վահե Հախվերդյանը որոշեց՝ լրիվ նոր մի բան սկսելու ժամանակն է, ընդ որում՝ այնպիսի մի բան, որտեղ լինի առաջինն ու միակը։ Ռիսկային ընտրություն կատարեց, մեկնեց Եվրոպա, սովորեց խխունջաբուծության բոլոր նրբությունները, վերադարձավ Հայաստան և Բյուրականում հիմնեց առաջին ու ՀՀ–ում դեռևս միակ խխունջաբուծական ֆերման։
ՀՀ–ի միակ խխունջաբուծական ֆերման
«Պատկերացրեք՝ ես լրիվ ուրիշ ոլորտի մարդ ու տարվեցի խխունջաբուծությամբ, ամբողջ օրը դրա մասին էի կարդում, սովորում։ Ընդ որում` այնպիսի բան էի ընտրել, որ լուրջ ներդրումներ էր պահանջում ու նաև` կրթության տեսանկյունից։ Ընկերներս և ընտանիքս մտածում էին, որ գժվել եմ։ Հիմա հասկանում են, որ այդ ամբողջը հաշվարկված էր, բայց դժվար ճանապարհ եմ անցել»,- ասում է Վահեն։
Վահե Հախվերդյանը
Նշում է` ամբողջ աշխարհում հիմնադրվող խխունջաբուծական ֆերմաների մոտ կեսը 1 տարի էլ չի դիմանում։ Բայց այս մեկը ոչ միայն դիմացավ, այլև զարգացավ։ Մոտ 1 տարի գրեթե անընդմեջ խոհանոցային փորձարկումների արդյունքում ֆերմային կից նաև համտեսի սրահ հիմնեցին։
«Աշխարհում այսպիսի մասնագիտացված խոհանոց մատերի վրա կարելի է հաշվել՝ 6-7, ոչ ավելի»,- հպարտությամբ նշում է Վահեն։ Շեֆ-խոհարարն էլ կինն է, օգնականները՝ երկու աղջիկները։ Խխունջով ուտեստներն էլ, ի դեպ, ամբողջ ընտանիքի համար են սիրելի՝ թե որպես ճաշ, թե որպես ընթրիք։
Հախվերդյանի աղջիկները խխունջից կերակուր են պատրաստում
Խխունջով կերակրատեսակ պատրաստելը ոչ միայն արվեստ է, այլև գիտություն։ Պարզվում է՝ եփվելուց առաջ 4 օր խխունջները կարանտինում են անցկացնում, կերակրվում բացառապես ալյուրով՝ ստամոքսը մաքրելու համար։ Իսկ համադամասերների ափսեում հայտնվում են միայն ամենաառողջ, անվնաս պատյանով խխունջները։ Ի դեպ, խխունջի միսը համարվում է դիետիկ, միաժամանակ օգտակար՝ սպիտակուցի մեծ քանակի պարունակությամբ։
Խխունջով ուտեստ
Վահեն ասում է՝ այս խխունջները Հայաստան լրիվ նոր մշակույթ բերեցին: Խխունջաբուծական ֆերման նաև զբոսաշրջային երթուղիներում է ընդգրկվում։ Զբոսաշրջիկներն այստեղ խխունջաբուծության նրբություններին ու գաղտնիքներին են ծանոթանում։ Ի դեպ, եթե ցանկանում եք փոքրիկ դանդաղիկներին շարժման մեջ տեսնել, ապա պիտի երեկոյան պլանավորեք այցելությունը, քանի որ ցերեկային շոգին նրանք քնած են։ Երեկոյան խխունջների համար արհեստական անձրև է կազմակերպվում, դրանից հետո նրանք կերակրվում են ու սկսում զբոսանքը։ Այս ֆերմայում պարզում եք, որ խխունջների մասին ոչինչ էլ չգիտեիք, մինչդեռ նրանք գերհետաքրքիր ու զարմացնող էակներ են։ Օրինակ` մտքներովդ կանցնե՞ր, որ նրանք 20 հազար հատ ատամ ունեն կամ հերմաֆրոդիտ են և կարող են, այսպես ասենք, սեռափոխվել ամենապարզ ձևով՝ տղան կարող է աղջիկ դառնալ ու այսպես շարունակ։
Վահեն ասում է՝ վախ չունի, թե գաղտնիքներ կփոխանցի, աշխարհում միշտ խխունջների դեֆիցիտ կա, ի վերջո, խխունջ բուծելու համար լուրջ գիտելիքներ են պետք, եթե մարդը պատրաստ է ներդրում անել սովորելու և այդ գործով զբաղվելու համար, ապա օգնել է պետք։
Այսօր Բյուրականում բուծված խխունջները ոչ միայն արտերկիր են արտահանվում, այլև ներքին շուկայում են սպառվում, մատակարարվում որոշ ռեստորանների։ Վահեն նպատակ ունի ընդլայնելու խխունջաբուծական ֆերման ու հիմք դնելու նաև կոսմետիկայի արտադրության, քանի որ խխունջները դեռ հին ժամանակներից հայտնի են իրենց երիտասարդացնող և վերականգնող հատկությամբ։ Ծրագրում է նաև լրիվ նոր արտադրանքով ներկայանալ՝ խխունջի խավիարով, որն էլ ավելի դեֆիցիտ ու թանկ պրոդուկտ է։
1 / 9

Խխունջների ֆերմայի «բնակիչը»

2 / 9

Վահե Հախվերդյանը

3 / 9

Հախվերդյանի կնոջ և աղջկա պատրաստած ուտեստը

4 / 9

Վահե Հախվերդյանի դուստրը

5 / 9

ԽԽունջներով ուտեստ

6 / 9

Խխունջներով ուտեստների խոհանոց

7 / 9

Խխունջների ֆերման

8 / 9

ՀՀ–ի միակ խխունջաբուծական ֆերման

9 / 9

Խխունջների ֆերման