ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. «Լեռնեցիների պարը» արձանախմբի հեղինակ, քանդակագործ Տիգրան Արզումանյանն ինքն է դիմել Երևանի քաղաքապետարանին` արձանախումբը տեղափոխելու համար։ Այդ մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 26–ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ «Դվին» հյուրանոցի հարակից տարածքում գտնվող «Լեռնցիների պարը» արձանախումբը կտեղափոխվի Մերգելյան այգու հատված։
«Դա իմ նախաձեռնությունն է։ Ես եմ դիմել քաղաքապետարան` խնդրանքով, որ արձանախումբը տեղափոխենք Մերգելյան այգու սկզբնամաս, որը նայում է դեպի Կոմիտասիպողոտա։ Որոշումը քաղաքաշինական խորհրդում քննարկվեց, քաղաքապետը տվեց իր թույլտվությունը, և մենք սկսեցինք նախագծային աշխատանքները Մերգելյան այգում` արդեն պատվանդանի վրա»,– վստահեցրեց Արզումանյանը։
Նրա խոսքով` այդպիսով արձանն այդտեղ տեսանելի կլինի թե՛ այգում քայլողների համար, թե՛ Կոմիտասի պողոտայի կողմից։
Քանդակագործը պատմեց, թե ինչու է հանդես եկել նման նախաձեռնությամբ և ինչ է իրականում տեղի ունեցել։
Արզումանյանը հիշեցրեց, որ «Լեռնցիների պարը» արձանախումբը 1973 թ. ցուցադրվել է Նկարիչների միության աշնանային ցուցահանդեսում, որից հետո` Մոսկվայում։ «Դվին» հյուրանոցի նախագծման հետ միասին նախատեսվեց այդ արձանախումբը տեղադրել հյուրանոցի մերձակա քաղաքային հատվածում։ Արդեն 1982–83 թթ. արձանախումբը պատրաստվեց ու տեղադրվեց հյուրանոցի մոտ։
«Երբ սկսվեց 1988 թվականի շարժումը, դրանից հետո «Դվին» հյուրանոցը սեփականատեր ունեցավ, այդ տարածքը ցանկապատվեց, որի մեջ էլ մնաց այդ արձանը։ Այն հետո ներառվեց հուշարձանների պահպանության ցանկում։ Օրերից մի օր մի լրագրող նկարահանել էր, որ արձանի ներքևի մասն ամբողջովին թալանված է։ Աղմուկ բարձրացրեցի և որոշվեց, որ արձանը պետք է տեղափոխվի, վերականգնվի։ Այն տարանք քանդակագործական կոմբինատ, վերականգնեցինք «Դվին» հյուրանոցի և մշակույթի նախարարության միջոցներով»,– պատմեց քանդակագործը։
Քանի որ «Դվին» հյուրանոցը ճարտարապետական նոր տեսք էր ստացել և որոշեցինք արձանախումբն աջ կողմից ձախ կողմ տեղափոխել, որ էլի լավ տեսարան լինի։ Մինչդեռ դա էլ չօգնեց։
«Հյուրանոցի տարածքում 2.5 մետրանոց ցանկապատ կառուցվեց, և փողոցի կողմից արձանը մնաց մի տեսակ անտեսանելի. եթե արձանի տեղը չգիտես, այն չես տեսնի։ Այն տեսանելի է միայն «Դվինի» բակի կողմից` ռեստորան մտնելիս»,– ընդգծեց քանդակագործը։
Արզումանյանը դիմել է ԿԳՄՍՆ, սակայն նրա բողոքն անպատասխան է մնացել։ Ընթացքում համաձայնության են եկել «Դվին» հյուրանոցի սեփականատերերի հետ և Հուշարձանների պահանության կենտրոնի հետ համատեղ որոշվել է արձանախումբը տեղափոխել։ Հարցը քննարկվել է ՀՀ կառավարությունում, համաձայնություն է տրվել, որին հաջորդել է Երևանի քաղաքապետի որոշումը։
Նա հիշեցրեց, որ արդեն քաղաքապետի հրամանը կա` սեպտեմբերին «Լեռնեցիների պարը» արդեն տեղափոխված պետք է լինի և տեղադրված Մերգելյան այգում։ Հիմա քանդակագործ Արզումանյանը զբաղված է արձանախումբն ապամոնտաժելու, տեղափոխելու, տեղադրելու աշխատանքներով։
Հավելենք, որ տարեսկզբից Կոմիտասի պողոտայի սկզբնամասում գտնվող Մհեր Մկրտչյան հրապարակի և Մերգելյան զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքներ են ընթանում։ Ինչպես ավագանու վերջին նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Մերգելյան այգում շինաշխատանքները 90 տոկոսով ավարտված են, 10 տոկոսը կարող են ավարտվել արձանախմբի տեղափոխությունից հետո։ «Լեռնցիների պարը» նախատեսվում է Մերգելյան այգի տանել սեպտեմբերին։