Երևանի կոյուղատար ու հեղեղատար համակարգերի համար 1 մլրդ 700 մլն դրամ է հատկացվել

Ընթացիկ տարում նախատեսված 27 հասցեներից 18-ը նոր կոյուղի ունի, մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել մյուս հասցեները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի միայն այս տարվա ծրագրով կոյուղատար ու հեղեղատար համակարգերի անցկացման համար համայնքային բյուջեից 1 մլրդ 700 մլն դրամ գումար է հատկացված: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը` անդրադառնալով երեկ Երևանում հորդառատ անձրևներից հետո հեղեղումներին։
«Ընթացիկ տարում նախատեսված 27 հասցեներից 18-ը նոր կոյուղի ունի, մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել մյուս հասցեները»,–ասաց նա:
Կոստանյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Երևանի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից։
Դեռևս 2016 թվականին ՀՀ կառավարության հետ կնքված պայմանագրի համաձայն՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձն է առել ՀՀ-ում ջրամատակարարման և ջրահեռացման բոլոր համակարգերի կառավարումը և սպասարկումը, հեղեղատարերի սպասարկումն ու շահագործումը, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը և մի շարք այլ պարտավորություններ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում երեկ տեղացած հորդառատ անձրևից հետո ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 670 ահազանգ։ Մի շարք հասցեներից փրկարարներն իրականացրել են ջրահեռացում․ հեռացրել են մոտ 276 տոննա ջուր։ Արգելափակումից դուրս է բերվել 55 տրանսպորտային միջոց։
Ջրալցումների և ավտոմեքենաների արգելափակումների դուրս բերման աշխատանքներին մասնակցել է 22 մարտական հաշվարկ, 8 մոտոպոմպ, 84 փրկարարական ծառայող։