Ադրբեջանում կայանալիք «COP 29»–ին կմասնակցենք, թե ոչ՝ դեռ որոշում չկա. Փաշինյան

ՀՀ վարչապետն ասաց` եթե հիմա տեսականորեն խոսեն, ապա որևէ որոշում բացառել չի կարելի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Արդյոք հայկական կողմը կմասնակցի՞ նոյեմբերին Ադրբեջանում անցկացվելիք «COP 29»–ին, թե ոչ, դեռ հստակ որոշում չկա։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պատշաճ ժամանակում կկայացնենք որոշում` կմասնակցե՞նք Ադրբեջանում նոյեմբերին անցկացվելիք «COP 29»–ին, թե՞ ոչ։ Ես պետք է ուղիղ ասեմ, որ այս պահին մենք որոշում չունենք. ընդհանուր իրադրությունը, գործընթացները, մթնոլորտն այդ որոշման վրա չեն կարող չազդել»,– հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա` եթե հիմա տեսականորեն խոսեն, ապա որևէ որոշում բացառել չի կարելի` նայած թե ամենավերջին հնարավոր ժամկետում, երբ պետք է որոշում կայացնել, ինչ իրադրություն կլինի։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից 24-ը Ադրբեջանում կանցկացվի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP 29 գագաթնաժողովը։
2023 թվականի դեկտեմբերին որպես բարի կամքի քայլ Հայաստանը իր աջակցությունն էր հայտնել այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:
Հունիսին վարչապետի մամուլի խոսնակը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Բաքու մեկնելու և COP29 ֆորումին մասնակցելու վերաբերյալ խոսակցություններին, ասել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում: