ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը կուղարկվի ՍԴ

Սահմանադրական դատարանը
ՍԴ-ի դրական դիրքորոշման առկայության դեպքում կանոնակարգն արդեն կներկայացվի ԱԺ վավերացմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը կուղարկվի ՍԴ։ Այդ մասին «Արմենպրեսին» ասել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունի հայտնեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն այսօր ստորագրել են համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Հարցին` որտե՞ղ է տեղի ունեցել ստորագրումը, ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ կանոնակարգը ստորագրվել է բնօրինակ փաստաթղթերը դիվանագիտական խողովակներով փոխանակելու միջոցով։
Կանոնակարգի տեքստը սահմանված կարգով հրապարակային կդառնա սեպտեմբերի 2–ին` ներպետական համաձայնեցման ընթացակարգերի իրականացման շրջանակներում։
«Կանոնակարգը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար»,– մանրամասնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Իսկ թե ինչո՞ւ փաստաթուղթը հիմա չի հրապարակվում, աշխատակազմից ասել են, որ հանձնաժողովների 2024 թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության մեջ, ըստ էության, կանխապես բացահայտվել է փաստաթղթի առանցքային քաղաքական բովանդակությունը։ Փաստաթուղթն ավելի ուշ կհրապարակվի` կապված երկու երկրներում գործընթացները հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտությամբ։
ՀՀ վարչապետի աշխատակազմը նաև պարզաբանել է նաև, թե ինչո՞ւ չի պահպանվել մինչև 2024 թ. հուլիսի 1–ը նախագիծը համաձայնեցնելու վերաբերյալ պայմանավորվածությունը։
«Հուլիսի 1–ի դրությամբ հանձնաժողովները մի քանի անգամ արդեն փոխանակել են կանոնակարգի նախագծի աշխատանքային տարբերակները և առաջարկները, սակայն բանակցությունների համար փաստացի մի փոքր ավելի շատ ժամանակ է պահանջվել նախագիծը վերջնական համաձայնեցնելու և ստորագրելու համար»,– ասված է պարզաբանման մեջ:
Սահմանազատման հաջորդ փուլի և սահմանի հատվածի վերաբերյալ կողմերը պայմանավորվել են, որ կանոնակարգի հաստատումից հետո կհամաձայնեցնեն հերթականությունը և կշարունակեն սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը:
Արդյոք սահմանազատումը նույն սկզբունքով է շարունակվելո՞ւ նաև սահմանի մնացյալ հատվածներում հարցին պատասխանելով` ՀՀ վարչապետի աշխատակազմը կրկին հղում է արել 2024 թ. ապրիլի 19–ի հանդիպման մամուլի հաղորդագրությանը, նշել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրով և տվյալ հիմնարար սկզբունքը կամրագրեն նաև կանոնակարգում։
ՍԴ-ի դրական դիրքորոշման առկայության դեպքում կանոնակարգը արդեն կներկայացվի ԱԺ վավերացմանը:
Նշենք` ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հուլիսի 1-ին տեղեկացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և հանձնաժողովները միմյանց են փոխանցել համատեղ աշխատանքի կանոնակարգի նախագծերը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
Դեսպանների այցը Կիրանց առանց միջադեպի չի եղել. «Հրապարակ»