ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը հաստատել է տուժած տնտեսվարողների ցանկը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ նշել էինք, որ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած տնտեսվարողները մոտ 300 մլն հավելյալ աջակցություն կստանան։ ՀՀ կառավարությունը օգոստոսի 15–ի նիստի ժամանակ հաստատեց տնտեսվարողներին աջակցություն տրամադրելու միջոցառումների հերթական փաթեթը։
ՆԳՆ–ում տեղի ունեցած հանրապետական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը, նշվել է, որ տնտեսվարողները դիմումները կարող են ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն մինչև հոկտեմբերի 25–ը ներառյալ։
Նշվում է, որ Արփինե Սարգսյանը նշել է տուժած տնտեսվարողների շրջանակը՝ ներկայացնելով վնասի գնահատման մարզային հանձնաժողովների տրամադրած ամփոփ տվյալները։
Նիստի ժամանակ միաձայն հաստատվել են շուրջ 150 տուժած տնտեսվարողների տվյալներ։
«Ամփոփ տվյալները փաստացի տուժած տնտեսվարողների տվյալներն են, իսկ աջակցություն տրամադրելու հարցը պետք է որոշի Էկոնոմիկայի նախարարությունը՝ ստուգելով աջակցության տրամադրման համար կառավարության կողմից սահմանված՝ տնտեսվարողներին ներկայացվող պահանջները»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հանձնաժողովն արձանագրել է, որ հաստատված տվյալները կտրամադրի էկոնոմիկայի նախարարությանը, որն էլ տնտեսվարողների դիմումների հիման վրա կորոշի շահառու տնտեսվարողների աջակցության տրամադրման հետագա գործընթացը՝ պահպանելով ՀՀ կառավարության կողմից սահմանված չափանիշները։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը օգոստոսի 15–ի նիստի ժամանակ հաստատել էր, որ դիմումները պետք է ներկայացվեն էկոնոմիկայի նախարարության էլեկտրոնային փոստին մինչև հոկտեմբերի 15–ը։ Գումարը կհատկացվի երկու բաղադրիչով` ըստ ձեռնարկատերերի անշարժ գույքի տեղակայման և մակերեսի և ըստ պետական բյուջե վճարած հարկի չափերի։
ՆԳՆ հաղորդագրության մեջ նշված ժամկետից ստացվում է` դիմումների ընդունումը ևս 10 օրով երկարաձգվել է, թեև չի նշվել հիմնավորումը։