Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հրաձիգ Գոռ Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել

ԵԱ–ն անցկացվում է Չեխիայի Պլզեն քաղաքում, առաջնության 4-րդ օրը մարզիկները մրցելու են միքս մարզաձևում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Վազող թիրախ ձևի Եվրոպայի երիտասարդական առաջնության խառը վազք մրցաձևի անհատական պայքարում Գոռ Խաչատրյանը ճանաչվել է հաղթող։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Առաջնությունն անցկացվում է Չեխիայի Պլզեն քաղաքում։
«Խաչատրյանը ցույց է տվել մրցումային օրվա լավագույն արդյունքը` 381 միավոր»,– հայտնում է ֆեդերացիան։
Հիշեցնենք, որ խառը վազք մրցաձևի թիմային պայքարում Գոռ Խաչատրյանը, Հայկ Մինասյանը և Համլետ Կարենյանը միասին 1082 միավորով դարձել են արծաթե մեդալակիր։ Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան–Անահիտ Սարգսյան–Աիդա Ազատյան եռյակը 1021 միավորով նույնպես նվաճել է արծաթե մեդալ։
Մրցումային 3-րդ օրը հրաձիգները պայքարել են խառը վազք մրցաձևում։ Կանանց անհատական պայքարում 375 միավորով հաղթող է դարձել Գոհար Հարությունյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Արուսյակ Գրիգորյանը` 373 միավոր արդյունքով։
Գոհար Հարությունյան–Լիլիթ Մկրտչյան–Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը խառը վազք մրցաձևում 1112 միավոր արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Օգոստոսի 31-ին մարզիկները մրցելու են միքս մարզաձևում։