Բնակարանային գողության փորձ կատարողները հարվածել են հարևանին ու փախել. 1 անձ ձերբակալված է

Տանտերը եղել է Ծաղկաձորում և իր տանը տեղադրված տեսախցիկի միջոցով է տեսել կատարվող գողությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Երևանում ավազակությամբ ուղեկցված բնակարանային գողության փորձ է կանխվել տանտիրոջ հարևանի ու ազգականի օգնությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դեպքի մասին ոստիկանություն է ահազանգել բնակարանի տերը և հայտնել, որ օգոստոսի 27-ին ժամը 09:46-ին անհայտ անձինք` կոտրելով մուտքի փականը, մուտք են գործել իր տուն և փորձել գողություն անել։
«Քննությամբ պարզվել է, որ բնակարանի սեփականատերը դեպքի օրը գտնվել է Ծաղկաձոր քաղաքում և հենց այդ ժամանակ էլ իր տանը տեղադրված տեսախցիկներով նկատել է, որ 2 անձ մտել են իր տուն ու փորձում են գողություն անել։ Անմիջապես զանգել է ոստիկանություն, ապա իր հորեղբոր որդուն և հարևաններին։ Մինչ տուժողը կհասներ տուն, հորեղբոր որդին, հարևանը, ինչպես նաև ոստիկանության ծառայողները վնասազերծել են առերևույթ հանցագործություն կատարող անձանցից մեկին»,– ասված է հաղորդագրությունում։
Պարզվել է նաև, որ հարևանուհին նախ ձայն է տվել մյուս հարևաններին, ապա մտել տվյալ բնակարան, որտեղ գտնվող տղամարդկանցից մեկը հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ապա փախուստի դիմել։
Տանտիրոջ հորեղբոր որդին հետապնդել է նրանց, հասնելով՝ խափանել նրանցից մեկի փախուստը։ Ոստիկանները ձերբակալել են նրան, որը, ինչպես պարզվել է, Վրաստանի 47-ամյա քաղաքացի է:
Կնոջ օժանդակությամբ սպանել են նրա 36-ամյա ամուսնուն ու դիակը գցել Ջրվեժի ձորը. ՔԿ
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են առերես հարցաքննություններ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 47-ամյա տղամարդուն ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, 47-ամյա տղամարդու հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ: