ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Արևմտյան Նեղոսի տենդով վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել է 17–ով։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը։
Նշվում է, որ լաբորատոր հաստատված դեպքերի թիվը դարձել է 92։
Արևմտյան Նեղոսի տենդը մեծամասամբ ընթանում է ասիմպտոմ։ 85% դեպքերում մարդիկ չգիտեն, որ վարակված են այդ հարուցիչով։ Մնացած դեպքերում մարդկանց մոտ կարող են ախտանշաններ լինել ջերմության, գլխացավի, ցանավորման տեսքով։ Հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տևել 2-3 շաբաթ, բայց ավելի հաճախ տևում է 3-6 օր։
Վարակված մարդու ջերմությունը կարող է բարձրանալ 38-40 աստիճան, դողէրոցք սկսվել։ Հիվանդությանը բնորոշ են ուժեղ գլխացավը, փսխումները։ Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ մենինգոէնցեֆալիտ, որը միաժամանակ ուղեղի թաղանթի և ուղեղի բորբոքումն է։