Չունես ՀՀ մուտքի թույլտվություն, վճարիր, մտիր. Կարեն Աղդայան

Sputnik
Հայաստանն իր ազգային փոխադրողին չի պաշտպանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանը` մեկնաբանելով բեռնափոխադրող ընկերությունների բարձրաձայնած դժգոհությունները։
«Ցանկացած երկիր այլ երկրների հետ ունի միջազգային բեռնափոխադրման պայմանագրեր, որտեղ հստակ նշված է, թե ինչ պայմաններով տվյալ երկրի բեռնափոխադրուղները կարող են մուտ գործել այդ երկիր և տարանցիկ անցնել։ Եթե նման թույլտվություն չկա, ուղղակի արգելում են մուտքը, չունես թույլտվություն, չես կարող մուտք գործել։ Բայց Հայաստանի պարագայում` չունես թույլտվությոսւն, վճարիր, մուտք գործիր»,– ասում է Աղդայանը։
Հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները երեկ բողոքի ակցիա են կազմակերպել` փորձելով կառավարության ուշադրությունը հրավիրել ոլորտում առկա խնդիրների վրա։
Բեռնափոխադրողները մտահոգված են, որ կարող են դուրս մնալ շուկայից։ Նրանց համոզմամբ`իրավիճակը վերահսկողությունից սկսել է դուրս գալ այն բանից հետո, երբ Թուրքիայի քաղաքացիները Վրաստանում սկսեցին բեռանփոխադրումներով զբաղվող ընկերություններ բացել։
Արդյունքում թուրքական բեռնափոխադրողներն ու թուրք վարորդները հայաստանյան շուկա են մտնում` որպես երրորդ երկրի փոխադրողներ` իրենց դուրս թողնելով մրցակցությունից։