ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Քննիչները խարդախության մասին հոդվածով քրեական գործ են հարուցել Ռուսաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Պավել Պոպովի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
«ՌԴ ՔԿ գլխավոր ռազմական քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, բանակի գեներալ Պավել Պոպովի դեմ։ Նրան կասկածում են ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4 մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ», – ասվում է Պետրենկոյի հայտարարությունում, որը հրապարակվել է ՌԴ ՔԿ–ի Telegram–ալիքում։
Քննության տվյալներով` 2021-2024 թվականներին Պոպովը, պատասխանատու լինելով «Պատրիոտ» այգու զարգացման, սպասարկման և աշխատանքի համար, հարստանում էր այդ հաստատության հաշվին` գործելով նախկինում քրեական պատասխանատվության ենթարկված այգու տնօրեն Վյաչեսլավ Ահմեդովի և ՌԴ ՊՆ նորարարական զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ Վլադիմիր Շեստերովի հետ համատեղ։
Պարզվել է, որ Պոպովը «Պատրիոտ» այգու հաշվին շինարարական և վերանորոգման աշխատանքներ, նյութական արժեքների մատակարարում է կազմակերպել Մերձմոսկովյան Կրասնոգորսկ շրջանումգտնվող իր հողատարածքի համար։
Բացի այդ, նա իր ենթակաների միջոցով «Պատրիոտի» հետ պայմանագրային հարաբերություններ ունեցող առևտրային կազմակերպությունների ղեկավարներին ստիպել է շինարարական և մոնտաժային աշխատանքներ իրականացնել քաղաքից դուրս գտնվող իր այդ առանձնատանը` առանց դրա դիմաց վճարելու։
Տան կառուցումից և հողատարածքի բարեկարգումից հետո Պոպովը շարունակել է իր շուրջ 3 հա մակերեսով հողամասի տեխնիկական և տնտեսական սպասարկումն ապահովել այգու հաշվին։
Քննչական գործողությունների ընթացքում պարզվել է, որ բացի վերոնշյալ հողատարածքից, Պոպովի և նրա ընտանիքի անդամների սեփականություն են հանդիսանում Մոսկվայի, Մոսկվայի մարզի և Կրասնոդարի երկրամասի հեղինակավոր թաղամասերում գտնվող անշարժ գույքի բազմաթիվ օբյեկտներ, որոնց ընդհանուր արժեքը ավելի քան 500 մլն ռուբլի է։ Նշված կարողության ձեռքբերման օրինականությունը նույնպես ստուգվում է քրգործի շրջանակում։
Նշենք, որ Պավել Պոպովը, որի նկատմամբ խարդախության հոդվածով քրեական գործ է հարուցվել, ՌԴ ՊՆ փոխնախարարի պաշտոնից ազատվել և հեռացվել է զինվորական ծառայությունից 2024 թվականի հունիսի 17-ին։ Պոպովն իր պաշտոնում աշխատել է շուրջ 11 տարի՝ 2013 թվականի նոյեմբերից։