ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանաբնակ օգտատերերը բողոքում են Wildberries և Ozon մարկետփլեյսների աշխատանքի խափանումից։ Բողոքներ կան նաև Հայաստանից։ Այս մասին են վկայում Сбой.РФ պորտալի տվյալները։
Ամենաշատ բողոքները ստացվել են Մոսկվայի (32%), Մոսկվայի մարզի (11%), Սանկտ Պետերբուրգի (7%) և Կրասնոդարի երկրամասի (4%) բնակիչներից: Wildberries-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ընկերության մասնագետներն արդեն աշխատում են խնդրի վերացման ուղղությամբ:
Ozon–ի հետ կապված նույնպես դժվարություններ կան` կայքը չի բացվում:
««Չի բացում առաքումը և սպասման ցուցակը», «Դրամապանակի մնացորդը չի թարմացվում: Հնարավոր չէ վճարել ստացված ապրանքների համար», «Պատվերը վճարված է, գումարը դուրս է գրվել, բայց պատվերը ցույց չի տալիս»», – գրում են օգտատերերը սոցիալական ցանցերում։
«Ozon Հայաստան» ընկերությունից, սակայն, հերքում են խափանումների մասին լուրերը.
«Խափանման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մեր ծառայությունները կայուն աշխատում են, գնորդները կարող են պատվերներ ձևակերպել և վճարումներ կատարել առանց որևէ խնդրի»,–Sputnik Արմենիային ասացին Ozon–ից։
Ինչ վերաբերում է Wildberries-ի, ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարկետփլեյսի հավելվածներն ու ծառայություններն աշխատում են, սակայն օգտատերերի մի մասի մոտ կարող են ոչ ճիշտ ծանուցումներ հայտնվել:
Այնտեղ նաև հավելել են, որ ընկերության մասնագետներն աշխատում են խնդիրը վերացնելու ուղղությամբ։
Հիշեցնենք` մեկ շաբաթ առաջ ռուսաստանաբնակ օգտատերերը բախվել էին Whatsapp և Telegram մեսենջերների աշխատանքում զանգվածային խափանման հետ։ «Ռոսկոմնադզորը» հայտարարել էր, որ անսարքությունները կապված են ռուսական կապի օպերատորների վրա DDoS հարձակման հետ: