Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Հորդանան գետի արևմտյան ափին։ Հաղորդվում է զինվորականների գործողությունների մասին պաղեստինյան չորս քաղաքներում՝ Ջենինում, Թուլքարմում, Նաբլուսում և Տուբասում:
Պաղեստինի իշխանությունների տվյալներով՝ իսրայելցի զինվորականների գործողության արդյունքում զոհվել է առնվազն 11 պաղեստինցի՝ 5-ը զոհվել է Ալ Ֆարաա փախստականների ճամբարում ավիահարվածի, ևս 6-ը՝ Ջենինում զինված բախումների ընթացքում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։
Հաղորդվում է, որ սա Հորդանան գետի Արևմտյան ափին անցկացված՝ վերջին տարիների ամենամասշտաբային ռազմական գործողություններից մեկն է, որին մասնակցել են ցամաքային զորքերի հարյուրավոր զինվորներ՝ օգտագործելով կործանիչներ, անօդաչուներ և բուլդոզերներ։
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի պաշտպանության բանակը, հայտարարելով անկլավի ամբողջական շրջափակման մասին, այնտեղ սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: