ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Այսօր վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի շքամուտքում։ Վնասը միայն նյութական է, քաղաքացիները տարհանվել են։ Տեղեկւոթյունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Օգոստոսի 29-ին, ժամը 06:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի թիվ 1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրոթյան մեջ։
Ահազանգով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 3-րդ հարկի շքամուտքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:05-ին, մարվել՝ 07:15-ին: Այրվել է բազմոց, մալուխ՝ 15 գմ, ջերմահարվել է 15 էլեկտրական հաշվիչ:
Փրկարարները շենքից տարհանել են 30 քաղաքացու:
Շտապօգնության աշխատակիցները երկու քաղաքացու տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: